Փաստաբանները պնդում են, որ Վահագն Վերմիշյանն անմեղ է` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ակնկալելով արդարացման որոշում բոլոր դրվագներով

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել 7 դրվագով։ Դրանց թվում են՝ կաշառք ստանալը և տալը, խարդախությունը, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը և պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։

Կաշառք ստանալը

Դրվագն առնչվում է նաև Վերմիշյանի ընկերոջը, Ջոն Ֆարխոյանին, որը գործով մեղադրյալներից մեկն է։

Ֆարխոյանը մեղադրվում է պաշտոնատար անձին կաշառելու, իր օգտին պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով որևէ գործողություն կատարելու կամ չկատարելուն նպաստելու, ծառայության գծով հովանավորչության համար։

Այստեղ խոսքը 2000 ԱՄՆ դոլարի մասին է։

Դրվագով նախաքննական մարմնի հիմնավորումներն ամբողջությամբ հերքելով, պաշտպանական կողմը այլ իրականություն է ներկայացնում:

«Մենք գործի քննության ընթացքում ունենք անհերքելի ապացույցներ, որ այս 2000 դոլարը Վերմիշյանը Ֆարխոյանից խնդրել է որդուն Սլովենիա ուղարկելու համար, քանի որ այդ պահին բանկային քարտի հետ կապված խնդիր է եղել, փոխանցում կատարել հնարավոր չի եղել։ Խնդրել է, վերցրել և ուղարկել է այդ գումարը։ Ավելին, գործի նյութերում առկա է փոխանցումը հավաստող անդորագիրը։ Նույն ծավալի գումար, այսինքն 2000 ԱՄՆ դոլար ուղարկվել է Սլովենիա՝ Վերմիշյանի որդու անվամբ։ Մեղադրանքը հերքել են և՛ Վերմիշյանը, և՛ Ֆարխոյանը։ Դա հերքվել է նաև հենց այդ վճարման անդորագրով»,-նշում է փաստաբանը։

Մեդալների դրվագը

Մեղղադրական եզրակացության այս հատվածը վերաբերում է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մեդալներին, որով մեղադրանք է առաջադրվել նաև Գագիկ Գալստյանին և Վազգեն Պողոսյանին։ Վերմիշյանը իմացել, այնուհետև 2019 թվականի օգոստոս ամսին, շինարարների օրվա առթիվ կազմակերպված հավաքի ժամանակ Գագիկ Գալստյանին տեղեկացրել է, որ անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հուշամեդալները վաճառվում են, ինքը պատրաստվում է գնել ու հանձնել Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին: 

Գագիկ Գալստյանը պատասխանել է, որ նա և մյուս շինարարները նույնպես մասնակցություն կունենան դրանց ձեռքբերման հարցում: Հուշամեդալները ձեռք են բերվել, որի համար Վերմիշյանն անձամբ վճարել է 8000 ԱՄՆ դոլար։ Մեդալները հանձնել է թանգարանին՝ տնօրենին խնդրելով ներկայացնել, որ անանուն նվիրատուի կողմից է տրված: 

2019 թվականի հոկտեմբեր ամսին իր աշխատասենյակ է եկել Գագիկ Գալստյանը և տեղեկացված լինելով հուշամեդալների ձեռք բերման մասին՝ տվել է 5000 ԱՄՆ դոլար՝ հայտնելով, որ միայն Վերմիշյանը չպետք է միայնակ այդ ծախսը կատարի: Կոմիտեի ղեկավարը չի ցանկացել վերցնել գումարը, քանի որ ֆինանսապես ապահովված է եղել, սակայն Գագիկ Գալստյանին չվիրավորելու համար վերցրել է և խոստացել գումարը նվիրաբերել թանգարանի ֆոնդին: Մեղադրական կողմից նշված մեդալների գնմանը «մասնակցություն ունենալու ցանկությունը»  կաշառք է որակվել` Վագեն Պողոսյանի և Գագիկ Գալստյանի օգտին պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով հովանավորչություն կատարելու, ինչպես նաև նրա լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով իրենց օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար:

Մեղադրանքի կողմը պնդում է՝ գումարը տրվել է Վազգեն Պողոսյանին վաստակավոր շինարարի կոչմանը ներկայացնելու համար: 

Վերմիշյանը հայտնել է, որ Գագիկ Գալստյանի և Վազգեն Պողոսյանի կողմից տրված գումարով գնել է ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի պարգևները և մեդալները, որի համար վճարել է 8000 ԱՄՆ դոլար ու հանձնել է ճարտարապետության թանգարանին՝ որպես նվիրատվություն՝ չգրանցելով նվիրատուի անունը:

Iravaban.net-ի հետ զրույցում Ստեփանավանի նախկին ղեկավար Արամ Բաբաջանյանը պատմել էր, որ Ջիմ Թորոսյանի ժառանգության վաճառքի մասին Վերմիշյանն իմացել է Վերնիսաժով անցնելիս։ Նա հորդորել է չվաճառել իրերը՝ նշելով, որ ինքը դա կգնի։

«Իմանալով, որ ամբողջը Վերմիշյանն է գնել ու նվիրել թանգարանին, ընկերներն ասում են, որ Թորոսյանն իրենց ավագներից է, մեծ ներդրում ունի ոլորտում և ուզում են մասնակցել։ Այս ամբողջ պատմությունը վերածել է կաշառք տալու գործընթացի»,-ասել է Բաբաջանյանը։

Խարդախության դրվագը

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Վահագն Վերմիշյանը 2020 թվականի դեկտեմբեր ամսին իր աշխատասենյակում ընդունել է իր ազգական Աշոտ Մուրադյանին և Ազատության պողոտայում բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքներ նախաձեռնած Զոհրաբ Հովհաննիսյանին։

Ըստ մեղադրանքի կողմի՝ խոսակցության ընթացքում տեղեկանալով, որ ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար Զոհրաբ Հովհաննիսյանին անհրաժեշտ է էսքիզային նախագիծ, նրան խորհուրդ է տվել օգտվել իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող և նախագծային աշխատանքներ իրականացնող Գագիկ Փանոսյանի ծառայություններից․

«․․․Նա խաբեությամբ հավաստիացրել է, որ ծառայության դիմաց անհրաժեշտ է վճարել 2,387,150 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար, որի արդյունքում Զոհրաբ Հովհաննիսյանը, գտնվելով մոլորության մեջ, Վահագն Վերմիշյանի անձով պայմանավորված, վստահելով վերջինին, տվել է իր համաձայնությունը և որպես կանխավճար Վահագն Վերմիշյանի պահանջով, իր աշխատասենյակում անձամբ վճարել է պահանջված 5.000 ԱՄն դոլարի մի մասը՝ 1,193,575 դրամ գումարին համարժեք 2500 ԱՄՆ դոլարը, միաժամանակ՝ Զոհրաբ Հովհաննիսյանին պահանջելով գումարի մնացած մասը՝ 2500 ԱՄՆ դոլարը էսքիզային նախագիծը ստանալուց հետո 2020 թվականի հունվար ամսին փոխանցել Գագիկ Փանոսյանին»:

Նշվում է, որ արդյունքում Վահագն Վերմիշյանը Զոհրաբ Հովհաննիսյանից ստացել է խոշոր չափերի 1,193,575 դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար, որն էլ խարդախության եղանակով հափշտակել է։

Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ գործում խարդախության հանցակազմ չկա։ Ավելին, դատավոր Մնացական Մարտիրոսյանը առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ դադարեցրել է Զոհրաբ Հովհաննիսյանի մասնակցությունը դատավարությանը տուժողի կարգավիճակում․ «Հիմա, եթե մենք չունենք վստահության չարաշահում կամ մոլորություն, Զոհրաբ Հովհաննիսյանը իրեն խաբված կամ մոլորված չի համարում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ դատարանը կարողացել է տեղի ունեցածը գնահատել որպես խարդախություն»։

Փաստաբանի խոսքով՝ այս հանցակազմի մեղսագրումը Վահագն Վերմիշյանին կրել է նրա անձը վարկաբեկելու նպատակ, ինչը չի ստացվել․ «Այս դեպքում Զոհրաբ Հովհաննիսյանը դիմել է Վերմիշյանին կառուցապատման հետ կապված որոշակի խնդրով։ Վերմիշյանը կապել է համապատասխան ոլորտի մասնագետի հետ, գումարը փոխանցվել է, աշխատանքները կատարվել են։ Սա է ողջ իրականություն»։

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2019թ․ սեպտեմբերից մինչև 2020թ․ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ երկու դրվագ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։

Նշվում է, որ Վահագն Վերմիշյանը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Նատալյա Չեռնիկովայի կողմից 2019թ․ մայիսի 16-ին հիմնադրված, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող՝ ճարտարապետական և նախագծային աշխատանքներ կատարող «Մոսս Գռուպ» ՍՊ ընկերության կառավարմանն առավել արդյունավետ մասնակցություն ունենալու, արդյունքում նյութական օգուտներ ստանալու համար որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքել «Մոսս Գռուպ» ՍՊ ընկերության տնօրենի հետ, որով վերջինն ամսեկան 314 հազար 165 դրամ աշխատավարձով ընդունվել է աշխատանքի ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ որպես միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետի խորհրդական:

Ըստ մեղադրող դատախազի՝ Վերմիշյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պետությանը պատճառել է շուրջ 1,5 միլիոն դրամի գույքային վնաս, ինչպես նաև հեղինակազրկել է պետական մարմինը, խաթարվել է Քաղաքաշինության կոմիտեի բնականոն գործունեությունը։

«Մոսս Գռուպ» ՍՊ ընկերության, առավել ևս դրա ղեկավարման հետ կապ չի ունեցել, որևէ հովանավորչություն կամ առավելություն չի տրամադրել, որևէ կառուցապատողի խորհուրդ չի տվել դիմել Նատալյա Չեռնիկովային՝ նախագծային աշխատանքներ իրականացնելու համար:

Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ևս պնդում է, որ իր պաշտպանյալը ձեռնարկատիրական գործունեության չի զբաղվել․ «Կարող էր զբաղվել, սակայն չի զբաղվել»։

Պաշտպանի պնդմամբ՝ ճարտարապետական գործունեությունը տեղավորվում է մտավոր ստեղծագործական աշխատանքի համատեքստում։ 

«Այն, ինչ նկարագրված է մեղադրական եզրակացությունում, ամբողջ ծավալով տեղավորվում է մտավոր ստեղծագործական աշխատանքի տակ, ուստի դրա համար քրեական պատասխանատվության կոչելն ապօրինի է։ Մեր գլխավոր մեսիջն այն է, որ Վահագն Վերմիշյանը կարող էր զբաղվել այդ տեսակի գործունեությամբ, սակայն չի զբաղվել։ Երկրորդ՝ ինչու է օրենքը խտրականությամբ կիրառվել»,-նշում է փաստաբանը։ 

Բացի այդ, մեղադրական կողմը պնդում է, որ փաստացի Վերմիշյանն է ղեկավարել «Մոսս Գռուպ» ՍՊԸ-ն։ Սակայն ուշադրության է արժանի այն փաստը, որ տվյալ ընկերության վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթով բռնագանձման պահանջ չի ներկայացվել։

Այսպիսով, Վերմիշյանի քրեական գործով երկար ժամանակ նիստեր չեն նշանկավել։ Առաջիկա նիստը նախատեսված է փետրվարի 29-ին։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Վահագն Վերմիշյանին մեղավոր է ճանաչել նաև այս դրվագով ու նրան ընդհանուր առմամբ դատապարտել ընդհանուր 8 տարվա ազատազրկման։

Չնայած առաջադրված մեղադրանքների, փաստաբանները պնդում են, որ Վահագն Վերմիշյանն անմեղ է և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ակնկալում են արդարացման որոշում բոլոր դրվագներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել