«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և օգտակար է եղել»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` այդ մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման ուղղությամբ: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մոտ ժամանակներս ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում տեղի կունենա:
Ալիևը նաև հայտարարել է, որ ժամանակն է վերացնել մի շարք մեխանիզմներ, որոնք ԵԱՀԿ շրջանակներում անցյալի մասունքներ են։ Նրա խոսքով` դրանցից են Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման կոմիտեն:
Հիշեցնենք՝ փետրվարի 17-ին Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: