ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն այսուհետ կհյուրընկալի գործող իրավաբանների

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն այսուհետ հյուրընկալելու է գործող իրավաբանների, որպեսզի ուսանողներն ավելի լավ պատկերացնեն մասնագիտության դերը:

Պետական և մասնավոր տարբեր հաստատություններում աշխատող իրավաբան հյուրերն ուսանողներին ծանոթացնելու են ոչ միայն տվյալ ոլորտի խնդիրներին, այլև ներկայացնելու են այդ ամենի մեջ իրավաբանի դերը:

«Մենք սկսում ենք իրականացնել մի նոր գործառույթ, որի հիմքերը դրվել են շատ վաղուց: Մեր ռազմավարության ուղղություններից մեկն էլ ենթադրում է պրակտիկ գիտելիքների մատուցում, իսկ որպես շարունակություն՝ սկսելու ենք նմանօրինակ կառույցների ներկայացուցիչների (ղեկավարների) հետ ոչ պաշտոնական հանդիպումների շարք», – ասում է ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: 

Ապագա իրավաբանների առաջին հյուրը «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանն էր: Թեև վերջինս  ղեկավարում է ֆինանսական կառույց, բայց ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

«Թվում է, թե իրավաբանի մասնագիտությունը ուղիղ կապ չունի բանկային ոլորտի հետ՝ բացառությամբ դատական գործերում կամ խնդրահարույց վեճերում մասնակցությունը: Բայց բնավ այդպես չէ. բանկային գործն իր ցանկացած հատվածում պարունակում է շատ լուրջ իրավական խնդիրներ: Ու որ բանկը կարողանում է այդ խնդիրները լավ լուծել, դառնում է շատ ավելի մրցակցային ու ապահով»,- դասախոսության սկզբում նշեց պարոն Գրիգորյանը:

 Նրա կարծիքով՝ բանկի գործունեության ամենահիմնական օղակներից մեկը հենց իրավաբանական ծառայությունն է, երբեմն նույնիսկ ավելի կարևոր, քան չոր ֆինանսական հաշվարկները:

 «Եթե բանկն իրականացնում է վարկավորում, որի իրավական փորձաքննություն չի կատարվել, ապա անկախ հաճախորդի վճարունակությունից` մեկ-երկու ամսում դա կդառնա խնդիր»,- ընդգծեց վարչության նախագահը:

 Նա անդրադարձավ նաև մեր երկրում գործող բանկային օրենսդրությանը՝ հիշելով 90-ականները, երբ ինքը նոր էր ավարտել բուհն ու անցել աշխատանքի, իսկ օրենսդրություն գոյություն չուներ: Պարոն Գրիգորյանի խոսքով՝ այսօր ԱՊՀ տարածաշրջանում ամենազարգացած բանկային օրենսդրությունն ունի Հայաստանը:

Դասախոսության ավարտին,  ուսանողների հարցերի արդյունքում, ծավալվեց աշխույժ քննարկում:

Հավելենք, որ ֆակուլտետի ու պետական և մասնավոր մի շարք կառույցների միջև համագործակցության արդյունքում այսուհետ ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի և նույնիսկ թեկնածուական ատենախոսությունների միջոցով հետազոտվելու են այդ կառույցներում ծագած իրավական բնույթի խնդիրները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել