ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան համար պատասխանատու է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին նա ասել է ռուս ընդդիմադիրի մահվան հետ կապված հատուկ ուղերձի ժամանակ։
«Պուտինն է պատասխանատու Նավալնիի մահվան համար։ Նավալնիի հետ կատարվածը Պուտինի դաժանության հերթական ապացույցն է։ Ոչ ոք չպետք է խաբվի՝ ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ աշխարի մեկ այլ վայրում։ Պուտինը ոչ միայն թիրախավորում է այլ երկրների քաղաքացիներին, որը մենք գիտենք՝ տեսնելով ինչ տեղի է ունենում այժմ Ուկրաինայում, այլև նա սարսափելի հանցագործություններ է կատարում սեփական ժողովրդի դեմ»,- ասել է Բայդենը։
Նրա խոսքով՝ ինքը զարմացած չէ, բայց զայրացած է Նավալնիի մահվան լուրից։ Նա նշել է, որ Նավալնին խիզախորեն դիմադրել է Ռուսաստանի իշխանությունների բռնությանը, ինչի համար նրան բանտ են ուղարկել և թունավորել, բայց նույնիսկ դա նրան չի կանգնեցրել։
Բայդենը ցավակցություն է հայտնել քաղաքական գործչի ընտանիքին։
«Նրա խիզախությունը չի մոռացվի», – հավելել է Բայդենը։
«Նա այնպիսի հատկանիշներ ուներ, որոնք չուներ Պուտինը։ Նա համարձակ էր, սկզբունքային էր։ Նա կարծում էր, որ հնարավոր է կառուցել Ռուսաստան, որտեղ գոյություն կունենա օրենքի գերակայություն։ Նա հավատում էր այս Ռուսաստանին, և որ դա այն գործն է, որի համար արժե պայքարել և, ակնհայտորեն, նույնիսկ մեռնել»,- ասել է Ամերիկայի նախագահը։