ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ի պատասխան պաշտոնական Բաքվից հնչող մի շարք հայտարարությունների` լիազորված եմ հայտարարել. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին:
Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, Հայաստանը հավատարիմ է միջազգային հարթակներում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու, երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա բացելու մասին:
Ադրբեջանը պարբերաբար խախտում է այս պայմանավորվածությունները` շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը նույնպես հակասում է միջազգային հարթակներում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:
Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել Հայաստանի Հանրապետության 31 գյուղերի կենսական տարածքները: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում թշնամության խորացման ռազմավարությունը, ինչն ապակայունացման շարունակական սպառնալիք է:
Հայաստանը շարունակելու է խաղաղության հաստատմանն ուղղված իր ջանքեր, և Ադրբեջանին կրկին առաջարկում է զորքերի ետքաշում՝ 1991 թվականի սահմանագծի նկատմամբ, ինչը տարածաշրջանում կայունության ու փոխադարձ վստահության անկյունաքարային քայլ կլինի:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող նախագծում առկա է արդեն իսկ համաձայնեցված կետ, համաձայն որի կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար:
Կրկնում ենք` Հայաստանն ու Ադրբեջանը արդեն իսկ համաձայնության են եկել այս կետի շուրջ, և պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները հակասում են այս պայմանավորվածությանը նույնպես»: