Ադրբեջանի ԿԸՀ-ի ամփոփիչ տվյալներով նախագահ է ընտրվել Իլհամ Ալիևը

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2024 թվականի փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել է Իլհամ Ալիևը՝ հավաքելով ընտրություններին մասնակցած ընտրողների ձայների 92,12 տոկոսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ համապատասխան որոշումն ընդունվել է ԿԸՀ-ի փետրվարի 11-ի նիստում, որտեղ քննարկվել են նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփման և ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ արձանագրությունը համապատասխան փաստաթղթերով Սահմանադրական դատարան ներկայացնելու հարցեր։

Նշվել է, որ ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 76,43 տոկոս։

Նախագահի պաշտոնի համար պայքարել են գործող նախագահ Իլհամ Ալիևը, ինքնաառաջադրված թեկնածուներ Զահիդ Օրդուժը և Ֆուադ Ալիևը, «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Ռազի Նուրուլաևը, «Մեծ արարման» կուսակցության թեկնածու Ֆազիլ Մուստաֆան, «Մեծ Ադրբեջան» կուսակցության թեկնածու Էլշադ Մուսաևը, «Միասնական ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Հուդրաթ Հասանգուլիևը։

Ադրբեջանում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 6 միլիոն 478 հազար 623 մարդ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել