ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Թուրքիային 40 նոր F-16 կործանիչների վաճառքի և գործող F-16 կործանիչների արդիականացման գործարքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«Կոնգրեսի այս շաբաթվա որոշումը՝ հավանություն տալու Թուրքիայի կողմից 40 նոր և 79 արդիականացված F-16 ինքնաթիռների ձեռքբերմանը, մեծ առաջընթաց է: Թուրքիայի F-16-երի պարկը չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի ուժերի համար՝ դաշնակիցների միջև ապագա օպերատիվ համապատասխանեցումն ապահովելու համար»,- մեջբերել է դեսպանատունը դիվանագիտական առաքելության ղեկավար Ջեֆրի Ֆլեյքի խոսքը։
Թուրքիան մի քանի տարի առաջ ԱՄՆ-ից պահանջել էր 40 F-16 Block 70 կործանիչ և 80 Block 70 արդիականացման լրակազմեր իր ինքնաթիռների համար։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կոնգրեսի որոշ անդամներ կոչ էին արել նման մատակարարումները կապել Անկարայի քայլերի հետ, որոնք անհրաժեշտ են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։