«Արդարությունն արդարադատության կատեգորիայի բարոյական բաղադրիչն է, իսկ դատավարությունը` իրավական». Կարեն Զադոյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 9-ին, Սահմանադրական դատարանի հիմնադրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը իր ելույթում հետևյալ միտքն է արտահայտել. «Արդարադատությունն ինստիտուտ է, իսկ արդարությունը՝ զգացում»:

Iravaban.net-ը դիմել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանին՝ խնդրելով մեկնաբանել գործադիրի ղեկավարի արտահայտած միտքը:

ԻՀԱ նախագահն ի պատասխան նշել է, որ յուրաքանչյուրը, այդ թվում երկրի վարչապետը, ազատ է արտահայտելու իր մտքերը արդարադատության, արդարության մասին և ինքը չի պատրաստվում մեկնաբանել դրանք:

Կարեն Զադոյանը սակայն ներկայացրեց իր պատկերացումները «արդարադատություն» կատեգորիայի մասին:

«Արդարադատություն կատեգորիան կազմված է երկու տարաբնույթ, սակայն համակշիռ բաղադրիչներից` արդարությունից և դատավարությունից: Արդարությունը բարոյական, իսկ դատավարությունը իրավական ոլորտի բաղադրիչ է, առանց դրանց ներդաշնակ համադրման իրական արդարադատություն չի կարող իրականացվել:

Օրինակ` եթե դատավորը արհեստավարժ կերպով տիրապետում է նյութական և դատավարական օրենսդրությանը, սակայն ազնիվ և բարեվարք չէ, նա կիրականացնի խաթարված արդարադատություն: Նույնը հակառակ պարագայում, եթե դատավորը ազնիվ և բարեվարք է, սակայն արհեստավարժ կերպով չի տիրապետում նյութական և դատավարական օրենսդրությանը, ապա նույնպես կիրականացնի խաթարված արդարադատություն:

Ելքը մեկն է․ իրական արդարադատության բարոյական և իրավական համակշիռ բաղադրիչների ներդաշնակ համաիրականացնումը:

Երբ իրականացվում է իրական արդարադատություն, ապա, որպես հետևանք քաղաքացիները գտնում են իրենց արդարությունը սեփական երկրում։ Այն չեն փնտրում երկրից դուրս, օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»- նշել է Կարեն Զադոյանը:

ՍԴ-ում նշված միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, որ արդարադատության գործող ինստիտուտները դեռևս արդարության զգացում չեն սերմանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ:

Iravaban.net-ի այս հարցի վերաբերյալ Կարեն Զադոյանը նշեց, որ արդարության զգացում քաղաքացիների մոտ բացակայում է, քանի որ այժմ ՀՀ-ում արդարադատության արդարություն բաղադրիչը կաղում է, իսկ դրա պատճառը` արդարադատություն իրականացնող արժանի և բարեվարք կադրերի պակասն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել