«Մեկ տուժած անձի դուրս բերեցին փլատակներից». ՆԳՆ մամուլի խոսնակ

«Մեկ տուժած անձի դուրս բերեցին փլատակներից, նա տղամարդ է, ողջ է։ Հաստատ տեղեկություն կա, որ ևս մեկ կին կա փլատակներում, որին այս պահին փորձում են դուրս բերել։ Ձայնը լսվում է, առաջին բուժօգնություն է ցուցաբերվել»,-այս մասին Նոր Արեշում տեղի ունեցած փլուզման վայրից լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նա նշեց, որ միջոցառումներ են ձեռնարկվում պարզելու՝ փլատակներում մնացած այլ անձինք կան, թե ոչ։

«Պատճառների մասին այս պահին չեն կարող խոսել, պետք է քննություն ընթանա։ Նոր ինֆորմացիայի դեպքում կհայտնենք»,-նշեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած:

Դեպքի վայրում է գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել