Հրապարակվեց Արմեն Չարչյանի գործով դատավիճռը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ փետրվարի 5-ին, հրապարակվեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատավճիռը, որը հրապարակեց դատավոր Վահե Միսակյանը։

Չարչյանը մեղադրվում է 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ (հունիսի 18-ին) տարածվել էր հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։ Չարչյանին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։

Հիշեցնենք՝ դատախազ Հայկ Հովհաննիսյանը պահանջէ ներկայացրել մեղավոր ճանաչել Չարչյանին և դատապարտել 5 տարվա ազատազրկման։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանը վճռեց․

«Արմեն Չարչյանին մեղավոր ճանաչել 18․04․2003թ․ Քրեական օրենսգրքի 154․2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով։ 18․04․2003թ ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժի կիրառման մեջ հաշվարկել փաստացի անազատության մեջ գտնվելու 4 ամիս, 17 օրը և որպես վերջնական պատիժ նշանակել 3 տարի, 7 ամիս 13 օր ժամկետով ազատազրկմամբ։ 18․04․2003թ․ ընդունված Քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի կիրառմամբ Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով, վերջինիս նկատմամբ նշանակելով հսկողություն՝ բնակության վայրը և աշխատանքի վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ»,-հայտարարեց դատավոր Վահե Միսակյանը։

Դատավճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարան՝ 1 ամսվա ընթացքում։

Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց․

«Ամենանվազագույն պատիժը կիրառեց՝ 4 տարի ազատազրկում և բնականաբար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Չարչյանը գտնվել է 4 ամիս 17 օր անազատության մեջ՝ այդ ժամկետը ևս կրճատելով ընդհանուր պատիժը սահմանվեց 3 տարի 7 ամիս։ Բնականաբար՝ դատարանը կիրառելով պատիժը պայմանականորել չկիրառելու ինստիտուտը՝ ըստ էության, նշանակված պատիժը չկիրառվեց։ Սահմանվեց նաև փորձաշրջան․ սա նաև նշանակում է, որ պարոն Չարչյանն անազատության մեջ չի գտնվելու։

Մեր համար յուրաքանչյուր արդյունք, որը կհանգեցնի պարոն Չարչյանի քրեակատարողական հիմնարկում չգտնվելու, ևս մեկ անգամ չհայտնվելու՝ մեզ համար լավ է, բայց դատավճռի մասով, ընդհանուր առմամբ, ունենք ևս անհամաձայնությու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի սկզբանե ասել ենք, ասում ենք ու ասելու ենք, որ պարոն Չարչյանը անմեղ է և բնականաբար տվյալ պարագայում պետք է կայացվեր արդարացման դատական ակտ։ Թե ինչու չի կայացվել՝ այդ հարցի պատասխանը ես չեմ կարող տալ։ Դատական ակտը բողոքարկելու ենք, վիճարկելու ենք այն բանից հետո, երբ դատական ակտն ամբողջ ծավալով ստանանք։ Փորձելու ենք արդարադատությունն արդեն արդարացման տեսանկյունից վերականգնել վերաքննության կարգով»։

Նշենք, որ նախորդ նիստի ընթացքում Չարչյանը հայտարարել էր, որ դատարանի ցանկացած որոշում ընդունելի կլինի նրան համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել