Կոռուպցիայի ընկալման համաթվի Հայաստանի ցուցանիշի դրական բարելավումը հավաքական ձեռքբերում է․ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանի գրանցած արդյունքի մասին․

2024 թվականի հունվարի 30-ին հրապարակվել է կոռուպցիայի ընկալման 2023 թվականի համաթիվը, որտեղ Հայաստանը 2023 թվականին 1 միավորով բարելավել է իր ցուցանիշը և գրանցել է որոշակի առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում՝ 100 հնարավոր միավորից ստանալով 47-ը, 180 երկրների շարքում զբաղեցնելով 62-րդ տեղը։ 

Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին Հայաստանը ստացել էր 46 միավոր՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 63-րդ տեղը, 2021 թվականին` 49 միավոր, 180 երկրների շարքում զբաղեցնելով 58-րդ տեղը։ 

Եթե դիտարկենք հարևան երկրների հետ, ապա Վրաստանը շարունակում է գտնվել Հայաստանից ավելի բարձր դիրքերում, թեպետ 2023 թվականին 3 միավորով վատթարացրել է իր դիրքերը՝ 53 միավորով զբաղեցնելով 49-րդ տեղը։ Թուրքիան ևս կորցրել է 2 միավոր և 34 միավորով գտնվում է 115-րդ հորիզոնականում, Իրանը կորցրել է 1 միավոր և 24 միավորով գտնվում է 149-րդ հորիզոնականում, իսկ Ադրբեջանի համաթվում փոփոխություն չի գրանցվել և 23 միավորով գտնվում է 154-րդ հորիզոնականում: 

Երկրներում կոռուպցիայից մաքրության բարձր ցուցանիշներով առաջին տեղը զբաղեցնում է Դանիան՝ 90 միավորով, իսկ երկրորդ տեղը Ֆինլանդիան՝ 87 միավորով: Վերջին տեղերում են գտնվում Հարավային Սուդիանը, Սիրիան և Վենեսուելան՝ յուրաքանչյուրը ունենալով 13 միավոր հավասարապես կիսում են 177-րդ տեղը, ինչպես նաև Սոմալին, որը 11 միավորով գտնվում է 180-րդ տեղում։  

Նաև հիշեցնենք, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով դասակարգում է 180 պետությունները և տարածքները` հիմնվելով փորձագետների և գործարարների կողմից կոռուպցիայի մակարդակների ընկալման գնահատականների վրա։

Կոալիցիան իր մտահոգություն է հայտնում այն իրողության վերաբերյալ, որ Հայաստանում դեռևս հաղթահարված չէ համակարգային կոռուպցիան, որը պատճառով այն փաստացի կառավարելի չէ, որը պայմանավորված է մի քանի հիմնական հանգամանքներով. 

  • Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմինները շարունակում են գործել առանց իրական անկախության, և դրանց ղեկավարումը իրականացվում է այն անձանց կողմից, որոնք նշանակված են քաղաքական պայմանավորվածությունների և նեպոտիզմի արդյունքում, և ոչ թե՝ բաց և թափանցիկ, հավասար հնարավորություններ ընձեռող մրցույթների արդյունքում, որի հետևանքով Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմինների համալրումը արհեստավարժ, բարեվարք և մրցունակ կադրերով փաստացի ձախողվում է,
  • քաղաքական իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում ոչ միշտ է, որ հաշվի են առնում մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարծիքները և ներկայացված առաջարկությունները,
  • քաղաքացիական հասարակության կազմակերպություններին դրամաշնորհների հատկացման ոչ թափանցիկ, ոչ հաշվետու և ոչ մրցակցային գործելաոճը դեռևս շարունակում է գոյություն ունենալ, ընդ որում այդ գործելաոճը վերջին տարիներին թափանցել է նաև Հայաստանում գործող միջազգային և արտասահմանյան զարգացման որոշ գործընկերների պրակտիկա, որոնք հակակոռուպցիոն ոլորտում խոշոր դրամաշնորհներ են տրամադրում ոչ մրցութային փակ ընթացակարգով ընտրված ՔՀԿ-ներին, ինչը իր հերթին հակակոռուպցիոն ոլորտում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների զարգացման համար լուրջ ռիսկեր է պարունակում,
  • միջազգային զարգացման գործընկերների կողմից հակակոռուպցիոն ոլորտում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տրամադրված դրամաշնորհների իրական ազդեցության գնահատում, որպես այդպիսին, չի կատարվում, և ողջամտորեն վտանգվում է այդ ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը և դրա շոշափելի ազդեցությունը բոլոր այն դեպքերում, երբ այդ ծրագրերի շահառուն Հայաստանի հասարակությունն է և կառավարությունը:

Միևնույն ժամանակ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը ողջունում է կոռուպցիայի ընկալման համաթվի Հայաստանի ցուցանիշի դրական բարելավումը՝ այն համարելով հավաքական ձեռքբերում, 2023թ.-ի փետրվարից նոր որակ ստացած պետության-քաղաքացիական հասարակության-մասնավոր հատվածի համագործակցության լավ օրինակ՝ այն դիտարկելով վերջին մեկ տարվա ընթացքում նշված սուբյեկտների կողմից կոռուպցիայի դեմ պայքարում միասնական մոտեցմամբ։ Կոալիցիան գտնում է, որ նման արդյունքի գրանցման գործում զգալի է եղել նաև Կոալիցիայի ներդրած ջանքերն ու կյանքի կոչված նախաձեռնությունները: Կոալիցիան օժանդակել է պետությանը՝ տարբեր ոլորտներում առկա խնդիրների վեր հանմամբ, փորձագիտական աջակցության տրամադրմամբ, հանրային քննարկումների կազմակերպմամբ, փաստարկված առաջարկությունների ներկայացմամբ, այդ թվում ՀՀ 2023-2026թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող միջոցառումների ծրագրի մշակման հարցում։ 

Կոալիցիայի կառավարման խորհուրդը նաև ողջունում է ՀՀ կառավարության աշխատակազմի և արդարադատության նախարարության շարունակական և հետևողական ջանքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացված քաղաքացիական հասարակության հետ նպատակային համագործակցելու ուղղությամբ։ 

Կոալիցիան նաև ողջունում և կարևորում է մասնագիտացված քաղաքացիական հասարակության հետ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի համագործակցության պատրաստակամությունը և միաժամանակ մտահոգություն է հայտնում ՀՀ գլխավոր դատախազության կողմից հակակոռուպցիոն ոլորտում մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ ընտրողական համագործակցությանը։

Այսպիսով, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը իր շարունակական մասնագիտական աջակցությունն է հայտնում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմիններին՝ հակակոռուպցիոն պայքարում և վերահաստատում է նախկինում բազմիցս արտահայտած իր դիրքորոշումն առ այն, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար հարկավոր է ուժեղացնել պետության և քաղաքացիական հասարակության համագործակցությունը, ունենալ անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ` իր բոլոր հանգույցներով, որոնք պետք է ղեկավարվեն ապաքաղաքական և բաց ու թափանցիկ, իրական մրցույթների արդյունքներով ընտրված/նշանակված անձանց կողմից, որոնց ամենօրյա աշխատանքի կարևոր մասը պետք է հանդիսանա լայն հասարակության և դրա մասնագիտացված կառույցների հետ ակտիվ, անկեղծ և կառուցողական համագործակցությունը, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթությանը, հանրային և մասնավոր ոլորտներում կոռուպցիայի կանխարգելմանը և պատասխանատվության միջոցների կիրառմանը ուղղված և քաղաքական ազդեցությունից զերծ իրենց մասնագիտական գործառույթների անխափան իրականացումը։ 

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մասնագիտական քաղաքացիական հասարակության կառույց է, որը հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են ավելի քան  50 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարության գործառույթները իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել