Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել։ Այս մասին այսօր շաբաթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան։
«Օբյեկտիվ եզրահանգումներ անելու, մասնավորապես՝ սեփական սխալներից ու սխալ հաշվարկներից եզրակացություններ անելու փոխարեն, հերթական անգամ փորձ է արվել ամբողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Սա հիմք չունի, քանի որ այս սխալները մերը չեն։ Սրանք, ցավոք, պաշտոնական Երևանի կողմից թույլ տրված սխալներ են։ Այս ամենը վերաբերում է ինչպես մեր միջև փոխհարաբերություններին, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Այս հայտարարությունների գրեթե բոլոր հատվածներում կարելի է հանդիպել փաստերի խեղաթյուրման և աղավաղման»,- ասել է Զախարովան։
Զախարովան նաև հավելել է, որ Արարատ Միրզոյանին՝ Մոսկվա այցելելու և խաղաղության բանակցությունների քննարկման համար անընդհատ հրավերներ են ուղարկվում։
«Վերջինը եղել է տառացիորեն օրեր առաջ»,- ասել է նա։