Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է իրազեկում, թե ի՞նչ կարգ է գործելու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ճամփորդելու համար։
«Հիշեցնենք, որ հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ մեր հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական:
ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագրի և դրա տրամադրման կարգի համաձայն՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։ 2024 թ․ հունվարի 28-ից այս երկու փաստաթղթերը ՀՀ-ից դուրս գալիս և ՀՀ մուտք գործելիս վավեր են համարվելու միայն միասին գործածելու պարագայում։
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը տրամադրվում է դիմումի հիման վրա:
Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին անձը հաստատող փաստաթղթերը տրվում կամ փոխանակվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում, Հայաստանում՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, իսկ օտարերկրյա պետություններում՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:
24.01.2024 թ․ դրությամբ՝ ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու վերաբերյալ ներկայացվել է 41 027 դիմում»,-ասվում հաղորդագրության մեջ: