Կբարելավվի պետբյուջեով դպրոցների և կրթահամալիրների կառուցման գործընթացի արդյունավետությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է սահմանել գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ՝ ՀՀ-ում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին դպրոցների և կրթահամալիրների կառուցման (վերակառուցման) համար: «Դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները սահմանելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու միջոցով նախատեսվում է կարգավորել հրապարակված նախահաշվային գնից ավելի բարձր գնառաջարկների թույլատրելի շեմը, ինչն առավել կանխատեսելի կդարձնի գնման գործընթացը հնարավոր մասնակիցների համար: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության կողմից որդեգրած և ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով ամրագրված՝ 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև 2026 թ.: Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, ժամկետները, ծավալները և պետական գնումների կազմակերպման համար գործող օրենսդրությունը՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանել որոշակի առանձնահատկություններ, որոնք թույլ կտան ավելի պարզ և գրավիչ դարձնել մրցութային գործընթացը՝ մասնակից շինարարական ընկերությունների համար, միաժամանակ կանխատեսելի կդարձնեն հնարավոր բարձր գնային առաջարկների առավելագույն շեմը: Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ եթե հրավերի պահանջների նկատմամբ բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների գները չեն գերազանցում հրավերով հրապարակված գնի տաս տոկոսը, ապա անկախ հայտեր ներկայացրած մասնակիցների քանակից, գնահատող հանձնաժողովը ցածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցին հայտարարում է ընտրված մասնակից, ինչը թույլ կտա հստակեցնել հրապարակված նախահաշվային գնից ավելի բարձր գնային առաջարկների առավելագույն շեմը և պատվիրատուին միաժամանակ թույլ կտա կիրառել միանման մոտեցում տարբեր գնման գործընթացների գնահատման ժամանակ: Կարգավորման անհրաժեշտությունն առաջացել է պայմանավորված շուկայում շինարարական աշխատանքների մեծ ծավալով և շինարարական ընկերությունների մեծ մասի ներգրավվածությամբ մասնավոր պատվերների շրջանակներում, որտեղ հաշվարկային շահութաբերությունն ավելի բարձր է քան պետական գնումների շրջանակում շինարարական աշխատանքների ձեռքբերման ժամանակ հաշվարկային շահույթը: Հաջորդ հիմնական հանգամանքը պայմանավորված է նշված ծրագրի շրջանակներում և սույն որոշման կարգավորումների կիրառմամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից արդեն իսկ իրականացված 82 գնման գործընթացների համապարփակ վերլուծության համաձայն՝ գնման գործընթացների շրջանակում հայտ չի ներկայացվել 21 օբյեկտների դեպքում, նախահաշվային գնից բարձր գնային առաջարկ է ներկայացվել 34 դեպքում, որից մինչև 10 տոկոս ավելի գին է ներկայացվել 6 դեպքում, 10-20 տոկոս միջակայքում՝ 2, 20-30 տոկոս ավելի միջակայքում՝ 13 և 30 տոկոսից ավելի գնային առաջարկ ևս 13 դեպքում և ընդամենը 27 դեպքում է, որ գնային առաջարկը պակաս կամ հավասար է եղել հրապարակված նախահաշվային գնին: Ըստ այդմ՝ դպրոցաշինության ոլորտում գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու միջոցով նախատեսվում է կանոնակարգել պետական գնումներով իրականացվող շինարարական ծրագրերի շրջանակում հրապարակված նախահաշվային գնից ավելի գնային առաջարկի առավելագույն շեմը, ինչն առավել կանխատեսելի և գրավիչ կդարձնի գնման գործընթացները:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դաշտն ուսումնասիրելով՝ հանգում ենք հետևյալ եզրակացության, որ տնտեսական ակտիվության պայմաններում, այդ թվում՝ դպրոցաշինության գրավչությունը, շինարարական ոլորտի համար երբեմն բավարար չափով բարձր չէ: Եվ եթե շատ կարճ ձևակերպենք այս որոշման իմաստը և նպատակը, ապա՝ խնդիր ունենք դպրոցաշինությունը շինարարական ընկերությունների համար մի փոքր ավելի շահութաբեր դարձնել»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախկինում շինարարական ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպում է ունեցել, որի ժամանակ այդ հարցը նույնպես բարձրացրել է: «Իմ հիմնական ուղերձն այն է եղել, որ մեծ ծավալի դպրոցաշինության ծրագրեր ենք իրականացնում և ուզում ենք քաջալերել և կոչ անել, որ շինարարական ընկերություններն ակտիվ մասնակցեն։ Նրանցից մի քանիսի կողմից այսպիսի հարց էր բարձրացվել՝ քանի որ մասնավոր հատվածում շինարարությունը շատ ակտիվ է, և նաև շահութաբերությունը բարձր՝ 20 տոկոս, երբեմն ավելի մեծ, դպրոցաշինության ոլորտում, որտեղ մեր կարգավորումներով շահութաբերությունը նախատեսված է մոտավորապես 10 տոկոս, այդ ոլորտում հետաքրքրությունները ընկերությունների համար այդքան էլ մեծ չեն: Կան բազմաթիվ մրցույթներ, որոնց հայտ չի ներկայացվել: Մենք որոշեցինք, այնուամենայնիվ, արձագանքել շուկային, որպեսզի կարողանանք 300 դպրոցի ծրագիրը բարեհաջող իրականացնել»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մի ժամանակ թվում էր, թե փողն ամենամեծ խնդիրն է, որ փող ունենանք՝ մնացած հարցերը կլուծենք: Հիմա, ըստ վարչապետի, այն դեպքն է, երբ փող ունենք, բայց չենք կարողանում անհրաժեշտ մակարդակով ինչ-որ բան կառուցել: «Մենք պետք է որոշակի ստեղծագործական մոտեցում ցուցաբերենք, որպեսզի մեր ակնկալած դպրոցները, բժշկական կենտրոնները, ճանապարհները և մնացած կապիտալ շինարարություններն ունենանք: Մենք պետք է արձանագրենք, որ դպրոցաշինության, մանկապարտեզաշինության ծրագիր, համակարգված պրակտիկա 3-րդ հանրապետության պատմության մեջ, ըստ էության, չի եղել: Պետք է քայլենք այս ճանապարհով և հասնենք այն տեղը, որտեղ ուզում ենք: Ամենակարևորը չհուսահատվելն է, չհանձնվելն է: Ես ողջունում եմ, որ նախորդիվ փոխվարչապետը մի առիթով ասաց, որ սա ոչ թե 300 դպրոցի ծրագիր է, այլ սա առաջին 300 դպրոցի ծրագիրն է: Մենք մեր բոլոր դպրոցները պետք է բերենք նույն ստանդարտի»: Նիկոլ Փաշինյանը հավելել է նաև, որ պետք է արձանագրել խնդիրները և փնտրել, գտնել դրանց լուծումները:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հայտնել է, որ 300 դպրոցների ծրագրի շրջանակում ավարտվել է 28 դպրոցների շինարարությունը, 24-ը գտնվում է ընթացքի մեջ, որը նախատեսվում է ավարտել՝ 2024 թ.-ին, ևս 15-ի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2025-2026թթ.-ներին:

Անդրադառնալով դպրոցաշինության ոլորտում առկա խնդիրներին, մասնավորապես քիչ թվով բնակչություն ունեցող վայրերում մոդուլային դպրոցների առկայությանը՝ ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է կրթական պլատֆորմ ունենալու անհրաժեշտությունը, որի շուրջ պետք է կառուցել բնակավայրի զարգացման ռազմավարությունը: «Մենք կառուցվող դպրոց ունենք մի բնակավայրում, որտեղ այս պահին կա, ենթադրենք, 25, 30 աշակերտ: Իսկ դպրոցը նախատեսված է ավելի քան 100 աշակերտի համար: Խնդիրն արձանագրելով՝ մենք գալիս ենք լուծումների, որոնք հետաքրքիր են: Մենք ասում ենք՝ շատ լավ, այստեղ դպրոց ունենք, եկեք մտածենք այս գյուղի բնակչությունն ավելացնելու մասին»,-ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այդ նպատակին հասնելու քայլերը, մասնավորապես՝ բնակարանի ձեռքբերման աջակցության ծրագրերում կետ ավելացնել, որ եթե այդ բնակարանը ձեռք է բերվում այն գյուղում, որտեղ մոդուլային դպրոց է կառուցվում, ապա ավելի գումար կտրամադրվի: Վարչապետն ընդգծել է նաև այդ բնակավայրերում ենթակառուցվածքների՝ ամբուլատորիաների, ճանապարհների առկայության կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ի վերջո պետք է անել այդ քաղաքական արձանագրումները՝ առերեսվելով մեր իրականության հետ. «Պետք է արձանագրենք՝ մենք պետք է սովորենք դպրոց կառուցել, մենք պետք է սովորենք դպրոց ունենալ, մենք պետք է սովորենք դպրոց պահպանել, մենք պետք է սովորենք առողջապահական հիմնարկ կառուցել, մենք պետք է սովորենք ճանապարհ կառուցել: Հնարավոր է ասեն՝ դուք մինչև հիմա դպրոց կառուցել չգիտե՞ք: Այո՛, փաստն այն է, որ չգիտենք, փաստն այն է, որ մենք առերեսվում ենք այդ իրականության հետ: Այս ուղերձը մենք պետք է մեզ տանք, մենք պետք է սովորենք: Ավելին՝ մենք պետք է սովորենք պետություն ունենալ՝ ի՞նչ է նշանակում պետություն ունենալ, ի՞նչ է նշանակում պետություն զարգացնել, ի՞նչ է նշանակում պետություն պահպանել, ի՞նչ է նշանակում պետություն ընդհանրապես»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել