Բացահայտվել է խմբի կազմում թմրամիջոցների, այդ թվում, նախնական տվյալներով, շուրջ 800 գրամ «Հերոին»-ի ապօրինի շրջանառության դեպք. երեք անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչների կողմից, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի ծառայողների հետ համագործակցաբար, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

2024թ հունվարի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՎ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ չորս անձինք խմբի կազմում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքից ձեռք բերելով տարբեր տեսակի թմրամիջոցներ, Երևան քաղաքում իրացնելու նպատակով, զբաղվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ:

Նույն օրը ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս վերը նշված անձինք, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և տեղափոխվել են  ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ներարկիչ՝ լցված 0,3 միլիգրամ կարմրագույն լուծույթով, երկրորդի մոտից՝ 3.44 գրամ ընդհանուր քաշով ապակյա գլանակ՝ մոխրացած պատերով, երրորդի մոտից՝ գաղտնի փականով, 9սմ երկարությամբ և 1սմ լայնությամբ շեղբով ծալովի դանակ, իսկ չորրորդ անձի մոտից՝  փայլաթիթեղի մեջ լցված, կպչուն ժապավենով փաթեթավորված շագանակագույն, սուր հոտով «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:

Նախնական տվյալներով՝ վերջինս, ով հանդիսանում է Երևան քաղաքի 35-ամյա բնակիչ, իր՝ վերոհիշյալ երեք ընկերների հետ նախնական համաձայնության գալով իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու և Երևան տեղափոխելու հարցի շուրջ,  նրանց հետ միասին 2024թ հունվարի 17-ին ավտոմեքենայով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից ուղևորվել են Սյունիքի մարզ, որտեղից ապօրինի ձեռք են բերել պոլիէթիլենային թաղանթով և փայլաթիթեղով փաթեթավորված ընդհանուր 799.39 գրամ  քաշով, նախնական տվյալներով, «Հերոին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է Երևանի բնակչի անձնական խուզարկության ժամանակ:

Բացի այդ, վերջինս, լինելով ձերբակալվածի կարգավիճակում, 2024թ հունվարի 18-ին՝ ժամը 02:00-ին, ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի վարչական շենքի 2-րդ հարկում գտնվող զուգարանի պատուհանից դիմել է փախուստի, սակայն ժամը 02:04-ին, Եղեգնաձոր քաղաքում հայտնաբերվել է և տեղափոխվել Ոստիկանության բաժին:

Այս դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և ապացուցողական գործողություններ: Մասնավորապես, կատարվել է ավտոմեքենայի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 24.80 և 9.95 գրամ քաշով թղթե փաթեթներ՝ նախնական տվյալներով կանեփի բույսից պատրաստված թմրամիջոցի նմանվող զանգվածով։ Նշանակվել են փորձաքննություններ՝ հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով։

Քննությամբ պարզվել է նաև, որ Երևան քաղաքի վերոհիշյալ բնակիչը, տեղյակ լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից 1 տարի ժամանակով զրկված լինելու մասին, 2024թ հունվարի 16-ին՝ ժամը 21:43-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում վարել է օրենքով սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած «Վազ 21154» մակնիշի տրանսպորտային միջոցը:

Հիշյալ անձանցից երեքին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը), իսկ Երևան քաղաքի բնակչին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը) և 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը):

Դատարանի որոշմամբ՝ երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, հանցավոր շղթայում այլ անձանց ներգրավվածությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել