Նախարարի կողմից դատավորների նկատմամբ վարույթ հարուցելը չի հակասում Սահմանադրությանը․ ՍԴ որոշում

Սահմանադրական դատարանը հունվարի 17-ին որոշում է ընդունել Ազգային ժողովի առնվազն 1/5 պատգամավորների դիմումի հիման վրա, որը վերաբերում է Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների օրենսդրական կարգավորմանը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ գործող օրենսդրական դրույթը չի հակասում Սահմանադրությանը:

ԱԺ պատգամավորները պնդում են, որ նշված գործիքակազմը լայնորեն իրացվում է Արդարադատության նախարարի կողմից, որը եթե հանդիսանար դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միակ գործիքակազմը կարող էր ունենալ իրավաչափ հետապնդվող նպատակ, սակայն այն որևէ կերպ չի դիտարկում Արդարադատության նախարարությանը որպես միակ կարգապահական վարույթ հարուցող սուբյեկտ:

Դիմողն ընդգծում է գործընթացքում Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դերը և նշում, որ պատահական չէ, որ այն բաղկացած չէ բացառապես դատավորներից, այլ նաև ոչ դատավոր անդամներից, ինչը հենց պետք է երաշխավորեր Արդարադատության նախարարության՝ որպես կարգապահական վարույթ հարուցող սուբյեկտի կառուցակարգի վերացումը․ «․․․2019-2021 թվականներին Արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթների թիվը հիմնավորում է սահմանադրականության խնդիրները վիճարկվող նորմի և դրա փաստացի գործադիր իշխանություն-դատական իշխանություն բաժանման ու հավասարակշռման անհամապատասխանությունը՝ ստեղծված իրավիճակը դիտելով որպես սահմանադրականության խնդիր Սահմանադրության 1-ին հոդվածի՝ «իրավական պետություն» նորմ- սկզբունքի հետ»:

Դիմողի կարծիքով՝ միջազգային իրավական զարգացումներին համընթաց՝ պետք է իրականացվի նաև նշված հարցի վերաբերյալ օրենսդրական քաղաքականություն։

Ազգային ժողովը, որը գործով պատասխանողն է, իր դիրքորոշումներում անհամաձայնություն է հայտնում այն փաստարկին, որ գործադիր իշխանությունը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով անհամաձայնություն ունենալով ցանկացած դատավորի կողմից կայացված որոշման հետ, իր վերաբերմունքը կարող է դրսևորել՝ դատավորին կարգապահական հետապնդման ենթարկելով:

Պատասխանողը վկայակոչել է, որ Դատական օրենսգրքի նշված օրենսդրական կարգավորմամբ սահմանված են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները և հիմքերը, ինչպես նաև կարգապահական վարույթ հարուցող մարմնի վրա է դրված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը, ինչը չարաշահումներից զերծ մնալու երաշխիք է:

Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ճյուղերի բաժանման սահմանադրական սկզբունքի ապահովման նպատակը սահմանադրական ժողովրդավարությունում պետական իշխանության ճյուղերից յուրաքանչյուրի սահմանադրական խնդիրների իրականացման ուղղությամբ նրա գործունեության արդյունավետության երաշխավորումն է, որը դատական իշխանությանը վերաբերելի մասով՝ արդարադատության իրականացումն է:

ՍԴ-ի որոշման մեջ ընդգծվում է՝ Արդարադատության նախարարը՝ որպես կարգապահական վարույթ հարուցող լիազոր մարմին, կարող է ապահովել դատավորների կարգապահական հարցերով գերակշռաբար դատավոր անդամներից բաղկացած՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից հնարավոր համայնքային համերաշխությունից ազդվող որոշումների շրջանցումը՝ դատավորների դեմ կարգապահական բողոքներ պարունակող հաղորդում ներկայացնող անձանց համար կարգապահական արդարադատության մատչելիության երաշխավորման համար:

Նշվում է, որ չունենալով դատավորների հետ համակարգային և կորպորատիվ շահերով պայմանավորված փոխկապվածություն կամ իր որոշումների վրա ազդող այլ ինստիտուցիոնալ գործոններ՝ Արդարադատության նախարարը կարող է հանդես գալ որպես Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեությունը լրացնող ինստիտուցիոնալ սուբյեկտ․ «․․․Հետևաբար՝ Արդարադատության նախարարի՝ վիճարկվող նորմով նախատեսված լիազորությունն արդյունավետորեն կարող է լրացնել դատավորների կարգապահական վարույթների հարուցման համակարգը՝ բացահայտելով դատավորների առերևույթ ոչ իրավաչափ վարքագծի՝ կարգապահական պատասխանատվության խնդիր պարունակող հնարավոր դեպքերը»:

Անդրադառնալով դիմողի այն պատճառաբանությանը, թե գործադիր իշխանությունը, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ունենալով անհամաձայնություն ցանկացած ատյանի դատարանի կայացրած որոշման հետ, կարող է դրան արձագանքել՝ դատավորին կարգապահական «հետապնդման» ենթարկելով, ապա Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ կարգապահական վարույթներում արդար դատաքննության երաշխիքների առկայությունը և արդար դատաքննության կառուցակարգերի շարունակական պատշաճ իրացումը չեզոքացնում են նման նպատակային միջնորդություններ ներկայացնելու հաջողության հեռանկարի վտանգը:

Ավելին, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու սահմանադրաիրավական նշանակությունն ու հետևանքները հաշվի առնելով՝ պետք է բացառվեն կարգապահական վարույթ հարուցող մարմինների և կարգապահական պատասխանատվության հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավասություն ունեցող մարմնի միջև այնպիսի փոխհարաբերությունները, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ կարգապահական վարույթով նրանց անաչառության նկատմամբ կամ որևէ կերպ գնահատվել իբրև դատավորի և, առհասարակ, դատական իշխանության նկատմամբ ներգործության միջոց:

Ըստ ՍԴ որոշման՝ Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը չի կարող ազդել դատավորի անկախության և հեղինակության վրա, քանի որ Արդարադատության նախարարին վերապահված չէ որևէ լիազորություն, որի իրականացումը ներազդում է կարգապահական վարույթի հետագա ընթացքի վրա՝ կանխորոշելով դրա արդյունքով կայացվելիք՝ դատավորի համար միջամտող որոշումը:

Դատարանն արձանագրել է, որ Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը չի կարող ազդել դատավորի անկախության և հեղինակության վրա, քանի որ Արդարադատության նախարարին վերապահված չէ որևէ լիազորություն, որի իրականացումը ներազդում է կարգապահական վարույթի հետագա ընթացքի վրա՝ կանխորոշելով դրա արդյունքով կայացվելիք՝ դատավորի համար միջամտող որոշումը:

Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել