Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները և պահանջել ազատ արձակել Բաքվում կալանավորված իր քաղաքացուն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Մենք վճռականորեն հայտարարում ենք, որ մերժում ենք Ադրբեջանի կողմից մեղադրանքները, որոնք միտված են մեր դեմ իր թշնամական գործողություններն արդարացնելուն», – նշել են գերատեսչությունից՝ կամայական որակելով Ադրբեջանում ֆրանսիացու կալանավորման գործողությունը։
Ըստ ֆրանսիական արտաքին դիվանագիտական գերատեսչության՝ մինչ այժմ Բաքվում Ֆրանսիայի հյուպատոսության աշխատակիցները երկու անգամ կարողացել են այցելել կալանավորված քաղաքացուն, իսկ դիվանագետները կապի մեջ են նրա հարազատների հետ։
«Ինչպես մենք արդեն հնարավորություն ենք ունեցել ասել Ադրբեջանի իշխանություններին, այս կալանավորումը համարում ենք անհիմն և կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին», – Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունից է մեջբերել ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ լրտեսության կասկածանքով Բաքվում ձերբակալվել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ադրբեջանական դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ չորս ամսով։