Հ․ Ն․-ին և Հ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ապօրինի թմրամիջոց իրացնելու համար։
Գործն առաջին անգամ դատարան է ստացվել 2023թ․-ի դեկտեմբերրի 1-ին։
Iravaban.net-ը փոխանցում է, որ Հ․Ն․-ն աշխատել է Եղեգնաձորի մարզադպրոցում որպես վոլեյբոլի ուսուցիչ, ինչպես նաև՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող «Vivaro Bet» օնլայն խաղադրույքների գրասենյակում որպես օպերատոր-գանձապահ։ Վերջինս աշխատանքից հաճախ վերադարձել է ընկերոջ Հ․Հ․-ի հետ։
2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Հ․Հ․-ի վարած ավտոմեքենայով մեկնել են Գլաձոր՝ տուն գնալու համար։ Այդ ընթացքում Հ․Ն․-ն ընկերոջը հայտնել է, որ իր մոտ «պլան» կա, որը ցանկանում է օգտագործել և առաջարկել է իր հետ ծխելու եղանակով այն օգտագործել, ինչից Հ․Հ․-ն չի հրաժարվել։
Ուսուցիչն դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք բերած կանեփի բուսական մանրացված զանգվածին ծխախոտի մասնիկներ խառնելու եղանակով պատրաստել է թմրամիջոց, որից մի մասը լցրել է «L&M» տեսակի ծխախոտի գլանակի մեջ և հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացրել է Հ․ Հ․-ին, իսկ մնացած՝ 0.28 գրամ քաշով «տետրահիդրոկաննաբինոլ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոցը փաթեթավորել է թղթի մեջ ու պահել իր կիսաթև վերնահագուստի ծոցագրպանում։
Նրանք գլանակը միմյանց փոխանցելով ծխել են մինչև վերջ։
Հ․Ն․-ն և Հ․Հ․-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 2023թ. ապրիլի 4-ին՝ ժամը 23:45-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցների կողմից Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի գյուղամիջյան ճանապարհից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ Հ․Ն․-ի հագին եղած սև գույնի կիսաթև բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է սպիտակ փաթեթ՝ ընդհանուր 1.24 գրամ քաշով, որի մեջ եղել է դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգված:
Նախնական դատալսումները նախատեսված են 2024թ․-ի փետրվարի 26-ին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։