Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում։
Առաջարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ն Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով։
Նախագծով նախատեսվում է նաև հետադարձ ուժ սահմանել իրականացվող փոփոխության համար, որի արդյունքում օրենքի ազդեցությունը տարածվելու է Սահմանադրական դատարանի երկու պաշտոնաթող դատավորի (նաև կենսաթոշակի չափի վերահաշվարկ կատարելով) և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով լիազորությունների դադարման դեպքում Սահմանադրական դատարանի մեկ գործող դատավորի վրա:
«Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ միայն վերոնշյալ երեք պաշտոնատար անձինք են 2014 թվականի հուլիսի 1-ի՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նշանակված եղել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում, ինչի արդյունքում Սահմանադրական դատարանի միայն պաշտոնաթող երկու դատավորի և մեկ գործող դատավորի կենսաթոշակի չափն էականորեն նվազ է լինելու Սահմանադրական դատարանի պաշտոնաթող մյուս դատավորների և գործող դատավորների (ապագա) կենսաթոշակի չափից»,-ասվում է հիմնավորման մեջ:
Նախագծերի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման 10,507,719 ՀՀ դրամի չափով։