Ո՞վ է ստանում Ձեր կողմից Haytnir.am-ում ներկայացված հայտը և ի՞նչ է այն արվում․ հայտնեք կոռուպցիոն և այլ դեպքերի մասին

Արդեն իսկ գործում է Haytnir.am ազդարարման առցանց հարթակը, որի միջոցով քաղաքացիները կարող են բացահայտ ու անանուն հայտնել իրենց հայտնի կոռուպցիոն և այլ դեպքերի մասին։

Դուք կարող եք հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպած ցանկացած կոռուպցիոն ռիսկի, կոռուպցիոն բնույթի դեպքի, հանրային ծառայողի կողմից շահերի բախման կամ վարքագծի կանոնի կամ անհամատեղելիության պահանջի կամ այլ սահմանափակման կամ հայտարարագրման հետ կապված առերևույթ խախտման կամ այլ առերևույթ իրավախախտումների վերաբերալ, կամ ունեք վերը նշված ցանկացած դեպքի վերաբերյալ տեղեկատվություն։

Ո՞վ է ստանում Ձեր կողմից ներկայացված հայտը

Ձեր ներկայացրած հայտը ստանում են Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) սահմանափակ թվով մասնագետները և փորձագետները։ Հայտը քննության է առնվում այն փորձագետի կողմից, որը արագորեն կպատասխանի Ձեզ՝ ներկայացրած հայտի քննության նպատակով և հետագա քայլերի ձեռնարկման վերաբերյալ:

Ինչպե՞ս է օգտագործվելու Ձեր կողմից ներկայացված հայտը

ԻՀԱ փորձագետները Ձեր կողմից ներկայացված հայտը քննության առնելուց հետո առերևույթ խախտումներ արձանագրելու դեպքում՝ դրանք կներկայացնեն իրավասու մարմինների քննարկմանը: Եթե ներկայացված տեղեկատվությունը իր մեջ պարունակում է առևերույթ հանցագործության հատկանիշներ, ապա հայտը կներկայացվի իրավապահ մարմիններին:

Ո՞րն է հայտի քննությամբ զբաղվող իրավասու մարմինը

Haytnir.am հարթակով ստացված հայտերի քննությամբ զբաղվող իրավասու մարմիններն են՝ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական և համայնքային կազմակերպությունները, հանրային նշանակության կազմակերպությունները, որոնց իրավասությունների և գործառույթների շրջանակներում է գտնվում հայտով ներկայացված հարցի (դեպքի) քննությունը։

Ինչպե՞ս է փոխանցվելու ներկայացված հայտը իրավասու մարմիններին

Հայտը վերահասցեագրվում է այն իրավասու մարմին, որի իրավասությունների և գործառույթների շրջանակներում է գտնվում հայտով ներկայացված հարցի (դեպքի) քննությունը։

Ենթադրյալ հանցագործության հատկանիշներ պարունակող հայտերը ներկայացվում են իրավապահ մարմիններ՝ այդ մասին տեղեկացնելով դիմողին։

Ի՞նչ է լինում հայտնած տեղեկության հետ, եթե Իրավաբանների հայկական ասոցիացիան միջոցներ չի ձեռնարկում դրա վերաբերյալ

Այն դեպքում, երբ ներկայացրած հայտը Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից փոխանցվում է իրավասու մարմնին, սակայն իրավասու մարմինը միջոցներ չի ձեռնարկում, ապա հայտատուն (ազդարարը) իրավունք ունի բողոքարկելու իրավասու մարմնի գործողությունը կամ անգործությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Բողոքարկումը կարող է կատարվել ինչպես վերադասության, այնպես էլ դատական կարգով՝ կախված հայտի բնույթից։ Վերադասության կարգով բողոքարկման ժամկետները, ինչպես նաև դատական ատյանի, հայցապահանջի և դատավարական ժամկետների որոշումը կախված է կոնկրետ իրավահարաբերության բնույթից։

Որքա՞ն ժամանակ է պահպանվում ներկայացված տեղեկատվությունը

Հայտատուի (ազդարարի) կողմից ներկայացված տեղեկատվությունը կպահպանվեն մեր համակարգերում և կօգտագործվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է կազմակերպության կողմից դրանցում բարձրաձայնված ազդարարումներին պատշաճ ընթացք տալու և համապատասխան ուսումնասիրությունը կատարելու նպատակներին հասնելու համար:

Հիշեցնենք, որ ազդարարել կարելի է նաև azdararir.am հարթակի միջոցով։

Չենք մոռանում, որ ազդարարները «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են։


Հավելենք, նաև որ հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝  ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել