Երևանի մի շարք գործողությունների պատճառով չի հաջողվել լիարժեք իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարություն է տարածել այն մասին, թե Երևանի մի շարք գործողությունների պատճառով չի հաջողվել լիարժեք իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները։

«Չենք կարող չնշել Երևանի մի շարք գործողություններ, որոնց պատճառով այդպես էլ չհաջողվեց լիարժեք իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները։ Մենք արդեն նշել ենք այդ կետերը։ Խոսքն այն մասին է, որ հայկական կողմը 2022թ. հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ՝ ճանաչելով դրա պատկանելությունը Ադրբեջանին:

Ընդ որում, Եվրամիության խորհրդատուների հուշումով, մոռանալով գոնե հիշատակել տվյալ տարածաշրջանի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու անհրաժեշտության մասին։

Նման որոշումն արմատապես փոխել է իրավիճակը ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտում»,- ասվում է հայտարարությունում։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, բացասական ազդեցություն ունեցան նաև հայկական կողմի կողմից Լաչինի միջանցքի օգտագործումը Ղարաբաղին սպառազինություն մատակարարելու համար՝ խախտելով եռակողմ պայմանավորվածությունները և Երևանի անպատրաստ լինելը՝ ապահովելու հայկական զինված ստորաբաժանումների ամբողջական դուրսբերումը տարածաշրջանից, ինչը մեծապես հանգեցրեց ս. թ. սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական բախումների։

«Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում հենց Երևանն է ամեն կերպ սառեցրել փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գծով կոնկրետ պայմանավորվածությունների հանգելը։ Մասնավորապես, արդեն մի քանի ամիս է, ինչ հայկական կողմը արգելակում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքների մեկնարկը՝ հրաժարվելով պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի հայտարարության 9-րդ կետի դրույթները:

Գերիների փոխանակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի համաձայնեցման վերաբերյալ Բաքվի և Երևանի վերջին պայմանավորվածությունների կարևորությամբ հանդերձ, Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ սահմանազատման աշխատանքը այդպես էլ մինչ օրս չի մեկնարկել, որի շուրջ երեք առաջնորդները պայմանավորվել էին դեռևս 2021 թվականի նոյեմբերին:

Հանուն ԵՄ առաքելությանը երկիր հրավիրելու, հայկական կողմը հրաժարվել է սահմանային գոտիներում իրավիճակի կայունացմանն ուղղված ՀԱՊԿ մեխանիզմներից»,- ասվում է հայտարարությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել