Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կազմի պատրաստած «Անմահների դիրքը» ներկայացումը։ Բեմադրության հիմքում Էդուարդ Զորիկյանի «Անմահների երկիրը» պիեսն է։
Ուղիղ մեկ տարի առաջ այն բեմադրվել է Ստեփանակերտում։ 91-ամյա թատրոնի վերջին գլխավոր ռեժիսորը Վահան Խաչատրյանն է։ Թատրոնի դերասանուհի Մարիա Սարգսյանը մարմնավորել է լրագրող Անահիտին, որը, ըստ հեղինակների, ոչինչ չգիտեր պատերազմի, ադրբեջանցիների իրականացրած վայրագությունների և առաջնագծում եղած կանոնները պահպանելու կարևորության մասին։
Նա գնացել էր դիրքեր, զինվորների առօրյան նկարահանելու, բայց սկսվում է պատերազմն, ու նա հայտնվում է անելանելի վիճակում։ Հատվածական ներկայացվում են հերոսների պատմությունները, դրանց միջոցով փորձ է արվում բացահայտել կերպարները։
Դիրքը «պահում էին» Բգոն, Սահակյանը, Մանուկը և Պետրոսը։ Վերջինիս մարմանվորել է ԼՂՀ ժողովրդական դերասան Քաջիկ Հարությունյանը։ Նրա հերոսն Արցախի գյուղերից մեկի բնակիչ է, ով մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, սակայն նրա զույգ տղաները, Ավոն և Մարտիրոսը, դիպուկահարի կրակոցից զոհվել են հրադադարի ժամանակ՝ հենց այն դիրքում, որն այժմ ինքն է պաշտպանում:
Լրագրողի նպատակը ներկայացման սկզբում ֆիլմը նկարելը և դրա շնորհիվ ԱՄՆ մեկնելն էր, սակայն, վերջում ամեն ինչ փոխվում է։
Ներկայացումն իրականություն է դարձել «Հայը կա» ՀԿ-ի և «Հայ պրոդաքշն» ընկերության աջակցությամբ։
Հաջորդ ներկայացումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Բոհեմ թատրոնում։
Լուսանկարները՝ Հասմիկ Սարգսյանի