Թուրքիայի Բոդրում առողջարանային քաղաքի մոտ երկու կնոջ՝ մոր և դստեր մարմիններ են հայտնաբերվել՝ ենթադրաբար Ռուսաստանի քաղաքացիներ, հայտնում են Haberturk-ը և CNN Turk-ը։
Հրապարակումների համաձայն՝ սավաններով փաթաթված ու պարաններով կապած դիերը հայտնաբերվել են Իչմելեր տանող ճանապարհի մոտ, զառիթափ լանջին։ Նրանց հայտնաբերել են տարածքը հսկող ոստիկանները։
Զննությամբ պարզվել է, որ մահացածները կին և դեռահաս աղջիկ են։ Դիակները տեղափոխվել են դիահերձարան։
Anterhaber հրատարակությունը պնդում է, որ մահացած կինը Իրինա Դվիզովան է, ով աշխատել է որպես մոդել և մասնակցել Բոդրումի, Ստամբուլի և Կապադովկիայի բրենդային հագուստի ապրանքանիշերի գովազդային արշավներին։ Ըստ հրապարակման՝ նա սպանվել է կրակոցից, սպանության կասկածանքով հետախուզվում է «օտարերկրացի»։
Նրա հետ միասին մահացել է նրա 15-ամյա դուստրը՝ Դայանան։ Բոդրումում ընտանիքը վիլլա է վարձել։ Shot-ի տեղեկություններով՝ Դվիզովան նախկինում մոդել է եղել, սակայն Թուրքիայում ռիելթոր է աշխատել։
Մի քանի օր առաջ հարազատները սկսել են որոնել մորն ու դստերը։ Տան բազմոցին, որտեղ բնակվել են ռուս կանայք, արյուն է հայտնաբերվել։ Ըստ նախնական տվյալների՝ սպանության մեջ կասկածվող նախկին ամուսինը լքել է Թուրքիան։
Տեսանյութերը՝ այստեղ։