ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության իրական հնարավորություն է տեսնում

Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության իրական հնարավորություն է տեսնում և համարում է, որ դրանից կօգտվի ամբողջ տարածաշրջանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենը։

«Մենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության իրական հնարավորություն ենք տեսնում։ Մեզ ոգևորում է այն, որ երկու կողմերը միմյանց հետ շփվում են ուղղակիորեն և միջնորդների միջոցով։ Դա հաշվի առնելով՝ մենք իրական հնարավորություն ենք տեսնում, որից ամբողջ տարածաշրջանը կարող է օգուտ ստանալ։ Օրինակ՝ եթե Կենտրոնական Ասիայից առևտրային հոսքերը լինեին Ադրբեջանի և Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա, ապա դա զգալի խթան կլիներ այդ առևտրային ուղու վրա գտնվող բոլոր երկրների համար։ Մենք կողջունեինք, եթե այդ հնարավորությունը լիներ դրա (խմբ․՝ խաղաղության համաձայնագրի) մի մասը», – ասել է պետքարտուղարի օգնականը լրագրողների հետ հեռախոսակապով շփման ժամանակ։

Օ’Բրայենը հավելել է, որ եթե նման ուղի չստեղծվի խաղաղ ճանապարհով, ապա ԱՄՆ-ն զգուշացրել է այն հետևանքների մասին, որ կլինեն այլ կերպ առաջ շարժվելու դեպքում։

«Միևնույն ժամանակ, եթե որոշում կայացվի դա չանել խաղաղ ճանապարհով, ապա մենք պետք է օգտագործենք հնարավոր բոլոր գործիքները, որպեսզի խուսափենք այդ տեսակի առևտրային ճանապարհի ստեղծումից։ Այսպիսով, մենք կողմերին շատ հստակ ասել ենք, թե ինչ հույս ունենք տեսնել, և ասել ենք այլ կերպ առաջ շարժվելու հետևանքների մասին։ Այսպիսով, մենք անհամբեր կսպասենք՝ տեսնելու, թե ինչի կհասնեն կողմերը: Մենք գիտենք, որ նրանք շահագրգռվածություն են հայտնել շատ շուտով խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում, և կցանկանայինք տեսնել դրա իրագործումը», – ասել է պաշտոնյան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել