Ինչպես կարելի է անանուն հայտնել կոռուպցիոն դեպքերի և այլ իրավախախտումների մասին` Haytnir.am հարթակով

Յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպած ցանկացած կոռուպցիոն ռիսկի, կոռուպցիոն բնույթի դեպքի, հանրային ծառայողի կողմից շահերի բախման կամ վարքագծի կանոնի խախտման կամ այլ առերևույթ իրավախախտումների վերաբերալ տեղեկություն ունենալու դեպքում կարող է հայտնել այդ մասին՝ անանուն կամ տվյալները ներկայացնելու միջոցով՝ Haytnir.am ազդարարման առցանց հարթակի միջոցով։

Անանուն տարբերակով կարելի է տեղեկություններ հայտնել, ազդարարել TOR համակարգի միջոցով։ Սա ոչ ստանդարտ ցանցային դիտարկիչ է, որը ստեղծված է երրորդ անձանցից պաշտպանության նպատակով։ Այս տարբերակով քողարկվում է անձի համացանցային հաղորդակարգի (Internet Protocol Address-IP) հասցեն և ծածկագրում (կոդավորում) է տվյալները:

Ստանդարտ ցանցային դիտարկիչներից է օրինակներից են՝ «Գուգլ Քրոմը» (Google Chrome), «Ֆայրֆոքսը» (Firefox), «Մայքրոսոֆթ Էդջը» (Microsoft Edge), «Օպերան» (Opera) և այլն։

Միևնույն ժամանակ, որոշ ստանդարտ ցանցային դիտարկիչներ ևս հնարավորություն են տալիս թաքցնել Ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն ներկառուցված «ՎՄՑ»՝ «Վիրտուալ մասնավոր ցանց»-ի (VPN։ Virtual Private Network) կապուղու միջոցով՝ հավելյալ կարգավորումների կիրառմամբ:

Կախված Ձեր օգտագործած օպերացիոն համակարգից՝ կարող եք ընտրել հետևյալ տարբերակերից որևէ մեկը։

• «ՏՈՌ» դիտարկիչ (TOR browser), եթե Դուք օգտագործում եք «Վինդոուզ» (Windows), «Մաք ՕԷս» (macOS) և «Լինուքս» (Linux) օպերացիոն համակարգ։

Քայլ 1. Ներբեռնե՛ք «ՏՈՌ» դիտարկիչը https://www.torproject.org կայքից, տեղադրեք և գործարկեք այն։ Եթե «ՏՈՌ» դիտարկիչը դիտարկիչը օգտագործում եք առաջին անգամ, ապա կտեսնեք «ՏՈՌ» ցանցի կարգավորումներ (Tor Network Settings) պատուհանը։ Սա ձեզ տալիս է «ՏՈՌ» ցանցին ուղղակիորեն միանալու հնարավորություն կամ ձեր միացումն ապահովելու համար «ՏՈՌ» դիտարկիչը կարգավորելու հնարավորություն։ Դեպքերի մեծամասնությունում ընտրելով «Միանալ» (Connect) գործառույթը՝ Ձեզ հնարավորություն կտրվի միանալու «ՏՈՌ» ցանցին՝ առանց հետագա կարգաբերումների։
Քայլ 2. «ՏՈՌ» դիտարկիչով այցելե՛ք հետևյալ վեբ էջը https://haytnir.am/am/report:

• «ՏՈՌ» դիտարկիչ «Անդրոիդի» համար» (Tor Browser for Android), եթե Դուք օգտագործում եք «Անդրոիդ» (Android) օպերացիոն համակարգ

Քայլ 1. Ներբեռնե՛ք «ՏՈՌ» դիտարկիչը «Անդրոիդի» համար «Գուգլ փլեյ սթոր»-ից (Google Play Store), տեղադրե՛ք և գործարկե՛ք այն։ Ամեն անգամ «ՏՈՌ» դիտարկիչը «Անդրոիդի» համար գործարկելիս ձեզ հարկավոր կլինի կտտացնել «Միանալ» (Connect) կոճակը՝ «ՏՈՌ» ցանցին միանալու և ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն թաքցնելու համար։
Քայլ 2. «ՏՈՌ» դիտարկիչով այցելե՛ք հետևյալ վեբ էջը https://haytnir.am/am/report:

• «Օնիոն» (Onion) դիտարկիչ, եթե Դուք օգտագործում եք «Այ ՕԷս» (iOS) օպերացիոն համակարգ

Քայլ 1. Ներբեռնե՛ք «Օնիոն» դիտարկիչը «Ափ սթոր»-ից (App Store), տեղադրե՛ք և գործարկե՛ք այն։ «Օնիոն» դիտարկիչը կարելի է օգտագործել դրա մեկնարկից անմիջապես հետո։ Սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն կթաքցվի՝ առանց որևէ լրացուցիչ կարգավորումների։
Քայլ 2. «Օնիոն» դիտարկիչով այցելե՛ք հետևյալ վեբ էջը https://haytnir.am/am/report:

• «Օպերա» (Opera) դիտարկիչ, եթե Դուք օգտագործում եք «Վինդոուզ» (Windows), «Մաք ՕԷս» (macOS), «Լինուքս» (Linux) օպերացիոն համակարգ

Քայլ 1. Ներբեռնե՛ք «Օպերա» դիտարկիչը https://www.opera.com կայքից, տեղադրեք և գործարկեք այն։

Քայլ 2. Անցե՛ք «Կարգավորումներ» (Settings) բաժին։ «Վինդոուզ» կամ «Լինուքս» օպերացիոն համակարգում «Օպերա» դիտարկիչի «Կարգավորումների ցանկը» (Menu) բացելու համար կտտացրե՛ք Opera դիտարկիչի վերին ձախ անկյունում գտնվող «O» պատկերանշանին։ Ցանկի ստորին հատվածում Դուք կգտնեք «Կարգավորումներ» (Settings) բաժնին արված հղում։ «Մաք ՕԷս» օպերացիոն համակարգում «Օպերա» դիտարկչի «Կարգավորումների ցանկը» (Menu) բացելու համար գործիքագոտում կտտացրե՛ք «Օպերա» դիտարկչի պատկերանշանին։ Այստեղ կարգավորումների էջը ներկայացվում է «Նախապատվություններ» (Preferences) անվամբ։

Քայլ 3. Կտտացրե՛ք ձախ կողագոտում գտնվող «Ընդլայնված» (Advanced) բաժինը և մտեք «Հնարավորություններ» (Features) բաժին։

Քայլ 4. «ՎՄՁ»-ի ներքո նշե՛ք «Ակտիվացնել ՎՄՁ»-ն (Enable VPN)։ Երբ դուք ակտիվացնում եք ՎՄՁ-ն, այն ինքնաբերաբեր գործարկվում է, և հասցեի ու որոնման գոտու համակցված դաշտում հայտնվում է կապտագույն «ՎՄՁ» նշանակը։ Կտտացրե՛ք նշանակը և կտեսնեք «Միացված է/Անջատված է» (On/Off) փոխարկիչը, փոխանցված տվյալների ծավալի վերաբերյալ տեղեկատվությունը, վիրտուալ գտնվելու վայրը և վիրտուալ համացանցային հաղորդակարգի հասցեն:

Haytnir.am ազդարարման առցանց հարթակը գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից:

Հիշեցնենք, որ ազդարարել կարելի է նաև azdararir.am հարթակի միջոցով։

Չենք մոռանում, որ ազդարարները «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են։


Հավելենք, նաև որ հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝  ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել