Վահագն Վերմիշյանը պնդում է՝ Գագիկ Գալստյանի և Վազգեն Պողոսյանի կողմից տրված գումարով գնել է Ջիմ Թորոսյանի պարգևները և մեդալները ու դրանք թանգարանին հանձնել, ինչը նշվում է նաև վերջիններիս ցուցմունքներում

Վերաքննիչ դատարանում արդեն իսկ մեկնարկել է Քաղաքաշինության նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատաքննությունը։ Դատարանն առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բողոքը քննելու է կոլեգիալ` 3 դատավորի կազմով։ Նախագահող է նշանակվել Սերգեյ Մարաբյանը, կազմում են Մեսրոպ Մակյանը և Կարեն Ամիրյանը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել 7 դրվագով, որոնցից մեկը վերաբերում է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մեդալներին, որով մեղադրանք է առաջադրվել նաև Գագիկ Գալստյանին և Վազգեն Պողոսյանին։

Վերմիշյանը իմացել, այնուհետև 2019 թվականի օգոստոս ամսին, շինարարների օրվա առթիվ կազմակերպված հավաքի ժամանակ Գագիկ Գալստյանին տեղեկացրել է, որ անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հուշամեդալները վաճառվում են, ինքը պատրաստվում է գնել ու հանձնել Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին: 

Գագիկ Գալստյանը պատասխանել է, որ նա և մյուս շինարարները նույնպես մասնակցություն կունենան դրանց ձեռքբերման հարցում: Հուշամեդալները ձեռք են բերվել, որի համար Վերմիշյանն անձամբ վճարել է 8000 ԱՄՆ դոլար, սակայն մեդալները վերցրել է այլ անձ, չի հիշում՝ թե ով: Մեդալները հանձնել է թանգարանին՝ տնօրենին խնդրելով ներկայացնել, որ անանուն նվիրատուի կողմից է տրված: 

Թանգարանի ֆեյսբուքյան անհատական էջի զննությամբ հիմնավորվել է, որ կայքէջում տեղադրվել է հայտարարություն այն մասին, որ «Այսօր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանին հանձնեց հայ ականավոր ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի գլխավոր ճարտարապետ /1971-1981/, պրոֆեսոր Ջիմ Թորոսյանի շքանշաններն ու մեդալները, որոնք պատահականության սկզբունքով հայտնվել էին վաճառքի: Կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի և իր ընկերների ջանքերով դա կանխվել է և թվով 11 գրքույկ, 10 մեդալ և 2 անցաթուղթ հանձնվել են ի պահ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին՝ հանձինս թանգարանի գլխավոր ֆոնդապահ Լարիսա Մարգարյանին: Թանգարանի տնօրինությունն ու աշխատակազմը շնորհակալություն են հայտնում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ պարոն Վահագն Վերմիշյանին՝ Ջիմ Թորոսյանի ֆոնդը նոր արխիվային նյութերով համալրելու համար»: 

2019 թվականի հոկտեմբեր ամսին իր աշխատասենյակ է եկել Գագիկ Գալստյանը և տեղեկացված լինելով հուշամեդալների ձեռք բերման մասին՝ տվել է 5000 ԱՄՆ դոլար՝ հայտնելով, որ միայն Վերմիշյանը չպետք է միայնակ այդ ծախսը կատարի: Կոմիտեի ղեկավարը չի ցանկացել վերցնել գումարը, քանի որ ֆինանսապես ապահովված է եղել, սակայն Գագիկ Գալստյանին չվիրավորելու համար վերցրել է և խոստացել գումարը նվիրաբերել թանգարանի ֆոնդին: Մեղադրական կողմից նշված մեդալների գնմանը «մասնակցություն ունենալու ցանկությունը»  կաշառք է որակվել` Վագեն Պողոսյանի և Գագիկ Գալստյանի օգտին պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով հովանավորչություն կատարելու, ինչպես նաև նրա լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով իրենց օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար:

Դատարանում Վերմիշյանը հայտնել է, որ երկար տարիներ ճանաչում է ճարտարապետաշինարար Գագիկ Գալստյանին, իսկ վերջինիս միջոցով՝ Վազգեն Պողոսյանին: 

Վազգեն Պողոսյանի հետ ծանոթացել է Գագիկ Գալստյանին վաստակավոր շինարարի կոչում շնորհելու օրը՝ 2019 թվականի օգոստոս ամսին: Նույն օրը երեկոյան հիշյալ առիթով հավաքվել են սրճարանում, որի ընթացքում Վազգեն Պողոսյանը հայտնել է, որ ինքը եղել է ՀՀ-ում շինարարների միության առաջին նախագահը և վաստակավոր շինարարի կոչում չունի, իսկ Գագիկ Գալստյանը երկրորդ նախագահն է և արժանացել է հիշյալ կոչմանը: Պատասխանել է, որ խնդիր չկա, շինարարների միությունը կարող է ներկայացնի առաջարկություն քաղաքաշինության կոմիտեին, որից հետո ինքն առաջարկություն կներկայացնի ՀՀ վարչապետին: 

Գործի նյութերի համաձայն՝ մի քանի ամիս հետո Գագիկ Գալստյանն եկել է իր աշխատասենյակ, տվել մեկ ծրար՝ ասելով, որ «սա մի հինգ հատ գիրք է» իր ու Վազգենի կողմից: Ծրարում գումարը տեսնելուց հետո Գագիկ Գալստյանին հայտնել է, որ պետք չէ, գումարի ակնկալիք չունի և դրա կարիքը չկա: Գագիկ Գալստյանը պնդել է, որ շատ ծախսեր է անում ինքը, և դա նրա ու Վազգեն Պողոսյանի կողմից շնորհակալություն է: 

Մեղադրանքի կողմը պնդում է՝ գումարը տրվել է Վազգեն Պողոսյանին վաստակավոր շինարարի կոչմանը ներկայացնելու համար: 

Վերմիշյանը հայտնել է, որ Գագիկ Գալստյանի և Վազգեն Պողոսյանի կողմից տրված գումարով գնել է ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի պարգևները և մեդալները, որի համար վճարել է 8000 ԱՄՆ դոլար ու հանձնել է ճարտարապետության թանգարանին՝ որպես նվիրատվություն՝ չգրանցելով նվիրատուի անունը:

Գործով հարցաքննվել է նաև Քաղաքաշինության կոմիտեի գործող ղեկավարը, Արմեն Ղուլարյանը։

Վկան խոսակցություններից տեղեկացել է, որ ժողովրդական ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ընտանիքը ցանկացել է վաճառել վերջինիս շքանշանները և մեդալները: Տեղյակ չի եղել, թե դրանք ինչ եղանակով են ձեռք բերվել, բայց տեսել է Վահագն Վերմիշյանի աշխատասեղանին՝ պոլիէթիլենային տոպրակում: Վերջինս խնդրել է միասին գնալ թանգարան և հանձնել դրանք: Մի քանի հոգով գնացել են, որից հետո Վահագն Վերմիշյանը Ջիմ Թորոսյանի շքանշաններն ու մեդալներն հանձնել է թանգարանին: Հետագայում տեղեկացել է, որ կազմվել է հանձնման ընդունման ակտ:

Գործով հարցաքննվել է նաև Հայաստանի ժողովրդական նկարիչ  Արամ Իսաբեկյանը։ Վկան դատարանին հայտնել է, որ ճանաչում է Ջիմ Թորոսյանին և Գագիկ Գալստյանին, ովքեր միմյանց հետ շատ մտերիմ են եղել: Ջիմ Թորոսյանը շատ վաղուց խորհուրդ է տվել շինարարության հետ կապված հարցերով դիմել Գագիկ Գալստյանին: Տեսել է, թե Գագիկ Գալստյանը որքան հարգալից է նրա նկատմամբ: Գագիկ Գալստյանը ցանկություն է հայտնել Ջիմ Թորոսյանի ժառանգությունը վերադարձնել: Տեղյակ է, որ Գագիկ Գալստյանն այդ նպատակով գումար է ներդրել:

Վկա Գուրգեն Մինասյանը դատարանին հայտնել է, որ ճանաչում է Գագիկ Գալստյանին 22 տարի: Ջիմ Թորոսյանի հետ Գագիկ Գալստյանն ունեցել է շատ լավ հարաբերություններ, հոգացել է նրա առողջության հետ կապված խնդիրները: Ջիմ Թորոսյանի մահից հետո Գագիկ Գալստյանը ցանկացել է ձեռք բերել վաճառքի հանված նրա իրերը։ Հետո իմացել է, որ Վահագն Վերմիշյանը ձեռք է բերել Ջիմ Թորոսյանի մեդալները։ Գագիկ Գալստյանն էլ ասել է, որ ինքը մասնակցություն է ունեցել դրանք ձեռք բերելուն։

Գագիկ Գալստյանը միշտ պատվերներով ծանրաբեռնված է եղել, այդ առումով խնդիրներ չի ունեցել, շատ առաջարկներից հրաժարվել է։

Վահագն Վերմիշյանը պնդում է, որ վերագրվող հանցանքները չի կատարել, իրեն մեղավոր չի ճանաչում, իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:  

Դատարանում հարցաքննվել են նաև Վազգեն Պողոսյանն ու Գագիկ Գալստյանը։

Շինարարների տոնը, 2019 թվական

Վազգեն Պողոսյանը պնդել է, որ «Հայաստանի վաստակավոր շինարար» կոչման համար անձամբ կամ որևէ մեկի միջոցով Վահագն Վերմիշյանին երբևէ կաշառք չի տվել: Նրա հետ հանդիպել է 2019թ. օգոստոսի 9-ին կամ 11-ին՝ «Մարիոթ» հյուրանոցի առաջին հարկի դահլիճում շինարարների տոնի օրվա առթիվ կայացած հավաքույթի ժամանակ, որտեղ ներկա են եղել շուրջ երկու հարյուր հրավիրվածներ: Գագիկ Գալստյանը, ով Վլադ Ասատրյանի հետ արժանացել էին «Վաստակավոր շինարարի» կոչման, տեղեկացրել է, որ երեկոյան հավաքվելու են առիթը նշելու: 

Շուրջ վեց հոգով՝ այդ թվում Վահագն Վերմիշյանը, հանդիպել են սրճարանում, շնորհավորել միմյանց՝ տոնի առթիվ և պարգևատրվածներին: Բաժակաճառի ընթացքում Գագիկ Գալստյանն իրեն ներկայացրել է որպես շինարարների միության հիմնադիր և նախկին նախագահ՝ ով տասը տարի ղեկավարել է կառույցը: Նշել է նաև, որ բացի իրենից՝ շինարարների շրջանում այլ արժանի վաստակավոր շինարարներ կան: Վահագն Վերմիշյանն առաջարկել է ներկայացնել քաղաքաշինության կոմիտեին իրենց համար արժանի թեկնածուներին և համապատասխան միջնորդությունը քննարկելուց հետո, առաջարկության տեսքով այն ուղարկել ՀՀ վարչապետին:

Պողոսյանը հատնել է նաև, որ Գագիկ Գալստյանին գումար չի տվել: Չի բացառել, որ Գագիկ Գալստյանի կողմից տրված 5000 ԱՄՆ դոլար գումարի վրա Վահագն Վերմիշյանը հավելել է ևս 3000 ԱՄՆ դոլար և ձեռք է բերել Ջիմ Թորոսյանի հուշամեդալները:

Գագիկ Գալստյանը պատմել է, որ 2019թ․ հոկտեմբերի 23-ին, երբ գնացել է Վահագն Վերմիշյանի աշխատասենյակ՝ վերջինիս փոխանցել է 5000 ԱՄՆ դոլար այն պատճառով, որ քաղաքաշինության կոմիտե հերթական գործնական այցի ժամանակ Վահագն Վերմիշյանից տեղեկացել է, որ անվանի ճարտարապետ, ակադեմիկոս, ճարտարապետության միջազգային ակադեմիաների անդամ Ջիմ Թորոսյանի արժեքավոր իրերը՝ մեդալները, շքանշանները վաճառվում են և նա արդեն միջոցներ է ծախսել դրանք ձեռք բերելու և հավաքելու համար։ 

Գալստյանի խոսքով՝ զրուցել են, որպեսզի շինարարների միությունը և ճարտարապետները ևս մասնակցություն ունենան այդ գործընթացում, որից հետո վերջիններիս ևս տեղյակ է պահել: Պատրաստակամություն է հայտնվել մասնակցություն ունենալ ոչ միայն Ջիմ Թորոսյանի, այլև մեծանուն ճարտարապետների, շինարարների, ոլորտի մեծերի արժեքները հավաքագրելու, պահպանելու գործում։ Հիշյալի մասին տեղեկացված է եղել նաև Վազգեն Պողոսյանը, ով նույնպես պատրաստակամություն է հայտնել մասնակից լինելու այդ գործին։

Շինարարների տոնը, 2019 թվական

Ջիմ Թորոսյանի նկատմամբ ունեցած հարգանքի և հուշամեդալների ձեռք բերման համար ծավալած գործընթացների հանգամանքով պայմանավորված՝ Վահագն Վերմիշյանին գումարը տալիս հայտնել է, որ այն հարգանքի մի փոքր ցուցանիշ է:

Iravaban.net-ի հետ զրույցում Ստեփանավանի նախկին ղեկավար Արամ Բաբաջանյանը պատմել էր, որ Ջիմ Թորոսյանի ժառանգության վաճառքի մասին Վերմիշյանն իմացել է Վերնիսաժով անցնելիս։ Նա հորդորել է չվաճառել իրերը՝ նշելով, որ ինքը դա կգնի։

«Իմանալով, որ ամբողջը Վերմիշյանն է գնել ու նվիրել թանգարանին, ընկերներն ասում են, որ Թորոսյանն իրենց ավագներից է, մեծ ներդրում ունի ոլորտում և ուզում են մասնակցել։ Այս ամբողջ պատմությունը վերածել է կաշառք տալու գործընթացի»,-ասել է Բաբաջանյանը։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Վահագն Վերմիշյանին մեղավոր է ճանաչել նաև այս դրվագով ու նրան ընդհանուր առմամբ դատապարտել ընդհանուր 8 տարվա ազատազրկման։

Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել