Իսրայելը չի համաձայնի Գազայի հատվածում մարդասիրական դադարի հաստատմանը, քանի դեռ ազատ չեն արձակվի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ կազմակերպության կողմնակիցների կողմից որպես պատանդ պահվող անձինք։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո։
«Ես նրան (Բլինքենին) ասացի, որ մենք կշարունակենք պայքարել մեր ողջ ուժով և հրաժարվում ենք մարդասիրական զինադադարից, քանի դեռ պատանդներն ազատ չեն արձակվի», – ասել է Իսրայելի վարչապետը:
«Մենք դեմ ենք նաև Գազայի հատված գումար փոխանցելուն», – հավելել է նա։
Նեթանյահուն նաև նշել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ դիրքորոշումը պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս վատթարացման վերաբերյալ և երախտապարտ է Բլինքենի Իսրայել կատարած այցերի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ԱՄՆ իշխանությունների և այդ երկրի ժողովրդի աջակցության համար։