Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն պատասխանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաների հայտարարություններին։
Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին, ելույթ ունենալով Սենատի հանձնաժողովի առջև, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է հավելյալ ֆինանսավորման անհրաժեշտության մասին՝ Հայաստանում հակամարտության հետևանքով առաջացած մարդասիրական ծանր կարիքները լուծելու համար։ Իսկ 2023 թվականի նոյեմբերի 2-ին Պետդեպարտամենտը, պատասխանելով «Ամերիկայի ձայն» լրատվական գործակալության հարցին, ընդգծել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, և այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի լուրջ հետևանքների։
Հաջիզադեն նշել է, որ չնայած նրան, որ ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ միջնորդ է եղել, ցավոք, երբեք այդքան վճռականորեն չի խրախուսել աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, «Հայաստանի կողմից իրականացվող էթնիկ զտումների զոհ դարձած ադրբեջանցի փախստականներին և հարկադիր վերաբնակներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը, այդ թվում ՝ ապօրինի ռեժիմի վերացմանը» (չակերտները՝ Iravaban.net-ի):
Ընդհակառակը, ԱՄՆ-ը Հայաստանին ուղղորդեց սխալ ուղղությամբ, որպեսզի պաշտպանի անջատողականների անօրինական գործունեությունը, հնարավորություններ ստեղծեց նրանց ԱՄՆ այցերի համար, հատկացրեց ֆինանսական միջոցներ»։
«Եթե ԱՄՆ-ն այլ կերպ վերաբերվեր Ադրբեջանին, ինչպես նաև միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող սպառնալիքներին, ապա Ադրբեջանի դեմ սպառնալիքները ուժով լուծելու անհրաժեշտություն չէր լինի, և հարցը կլուծվեր խաղաղ ճանապարհով։ «Հենց միջնորդական ջանքերի ձախողումն էր, որին մասնակցում էր նաև Միացյալ Նահանգները, և Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը կանխելու անկարողությունը, որ դրդեցին Ադրբեջանին ազատագրել իր հողերը ռազմական ճանապարհով» (չակերտները՝ Iravaban.net-ի)։ Ուստի, այլ փաստերի հետ մեկտեղ, Միացյալ Նահանգները նույնպես պատասխանատու է անցյալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու իր անգործության համար»,- ասել է Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ անընդունելի է Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելը։ Ադրբեջանի դեմ ցանկացած ոչ բարեկամական գործողություն դրական արդյունքների չի բերի, և նման գործողություններին համարժեք պատասխան կլինի։