Շատ մեծ ջանքեր է պետք գործադրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերն այնտեղ վերադառնալու ցանկություն ունենան. վարչապետ Փաշինյան

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների, մարդկանց սովի մատնելու, ըստ էության, բռնի տեղահանելու հանգամանքը, շատ մեծ ջանքեր է պետք գործադրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերն այնտեղ վերադառնալու ցանկություն ունենան՝ այն պարագայում, եթե դրա հնարավորությունն իրատեսականորեն գոյություն կունենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին The Wall Street Journal-ի թղթակից Յարոսլավ Տրոֆիմովի հետ հարցազրույցում հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ ապագա է սպասում այն 100 հազար անձանց, ովքեր ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կա կարճաժամկետ ապագա, կա միջնաժամկետ ապագա, կա երկարաժամկետ ապագա: Կարճաժամկետում՝ մեր խնդիրը փախստական դարձած մեր հայրենակիցների ամենահրատապ կարիքները հոգալն է: Միջնաժամկետում նույնպես, որպեսզի նրանք ապրելու արժանապատիվ հնարավորություններ ունենան: Մեր մոտեցումն այն է, որ եթե նրանք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան, ապրեն, ստեղծագործեն Հայաստանի Հանրապետությունում»:

Նրա գնահատմամբ՝ այդ ապագան մեծապես կախված է նրանից, թե ինչ առաջարկություն կանի նրանց, կամ ինչ դիրքորոշմամբ հանդես կգա, կամ ինչ պայմաններ կստեղծի Ադրբեջանը: Եվ այս առումով միջազգային հանրությունն ի՞նքը կքաջալերի և ինչի՞ն կաջակցի: «Բայց նաև, հաշվի առնելով հենց էթնիկ զտումների, մարդկանց սովի մատնելու, ըստ էության, բռնի տեղահանելու հանգամանքը, շատ մեծ ջանքեր է պետք գործադրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերն այնտեղ վերադառնալու ցանկություն ունենան՝ այն պարագայում, եթե դրա հնարավորությունն իրատեսականորեն գոյություն կունենա: Այսինքն, սրանք այս նույն թեմայի մեջ, բայց հարցեր կան, որոնք կարող են նույնիսկ մեկ տասնյակի հասնել: Առաջինը՝ ինչքանո՞վ է իրատեսորեն այդ հնարավորությունը գոյություն կունենա, և իրատեսորեն գոյություն ունենալու դեպքում ինչքանո՞վ մարդիկ կվստահեն այդ հնարավորությանը: Սրանք շատ լուրջ և խորը հարցեր են»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել