Առաջիկա ամիսներին Բաքվի հետ խաղաղ կարգավորման հեռանկարները լավատեսական են թվում։ Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերջին լայնածավալ ագրեսիայի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի միջև ուղիղ կապ չի տեսնում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտավախություն ունի, որ Արցախից հետո լայնամասշտաբ պատերազմը կարող է տարածվել ինքնիշխան Հայաստանի տարածք։
Վարչապետը, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին հարցին պատասխանելու փոխարեն, կոչ է արել կենտրոնանալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «շատ ավելի երկար պատմության» վրա։
«Տարածաշրջանի ապագան վաղուց փակ սահմանների և առևտրային ուղիների, այդ թվում՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային հաղորդակցության բացման մեջ է՝ նրա ինքնիշխանության նկատմամբ հարգանքով»,- ասել է Փաշինյանը։
«Այստեղ են բոլոր հարցերն ու պատասխանները: Առաջին հերթին պետք է աշխատել տարածաշրջանում հարաբերությունների բարելավման ուղղությամբ»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ անվտանգությանը պետք է հասնել ոչ միայն բանակի, այլեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման միջոցով։