Ռուսական կողմը կոչ է անում ՀԱՄԱՍ-ին անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին, Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում հաստատուն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ՀԱՄԱՍ-ի բոլոր պատանդները պետք է շտապ ազատ արձակվեն, սա մեր դիրքորոշումն է», – ասել է Կրեմլի խոսնակը:
Նա նշել է, որ Մոսկվան օգտագործում է բոլոր հնարավորությունները ՀԱՄԱՍ շարժման կողմից Ռուսաստանի քաղաքացիներին գերությունից ազատելու հարցում «բոլոր կողմերի հետ, որոնք առնչություն ունեն հակամարտության հետ»։
«Իսկապես, մեզ դեռ չի հաջողվել դա, բայց մենք կշարունակենք այդ ջանքերը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցերին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաեւ պարզաբանել է, որ ռուսական կողմը դեռ ճշգրիտ տեղեկություն չունի, թե ինչպես եւ երբ կարող են ռուսներին ազատ արձակել։
«Մենք ցավակցում ենք պատանդների բոլոր հարազատներին և ընկերներին և ի սրտե ցանկանում, որ նրանք ողջ և առողջ վերադառնան։ Իհարկե, առաջին հերթին մենք անհանգստանում ենք մեր համաքաղաքացիների համար», – շարունակել է Պեսկովը: