Լավրովը հայտարարել է, որ Արցախի պատկանելիության հարցը լուծված է

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հիմնականում լուծվել է, այժմ կողմերին մնում է միայն հետագա գործնական քայլեր ձեռնարկել հարաբերությունները լիովին կարգավորելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով նախարարների հանդիպումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հակամարտությունը մեծ մասամբ լուծված է, երկու կողմերն էլ համակարծիք են եղել, որ Ղարաբաղը (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․)  պատկանում է Ադրբեջանին, և դա հիմնական չլուծված խնդիրն էր», – ասել է  նախարարը:

«Այժմ, իհարկե, մնում են գործնական քայլեր հարաբերությունները լիովին կարգավորելու համար՝ առաջին հերթին խաղաղություն պայմանագրի նախապատրաստական աշխատանքները, սահմանների սահմանազատումն ու առանց խոչընդոտների տրանսպորտային տնտեսական կապերի հաստատումը, ինչի մասին պայմանավորված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումների ժամանակ»,- հավելել է նա։

Լավրովի խոսքով՝ Բրյուսելն ու Վաշինգտոնը շարունակում են փորձել ներթափանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթաց։

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է փաստացի օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման գործընթացում։

«Բոլոր փորձագետները քաջ գիտակցում են, որ այն ամենը, ինչ անհրաժեշտ է քննարկելու և համաձայնեցնելու (Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի) սահմանազատումը՝ այդ թվում խորհրդային ժամանակներից մնացած քարտեզները, գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Գործընկերները դա հասկանում են։ Մենք չենք փորձում սրանից մեծ խնդիր սարքել: Եթե ցանկանան, թող իրենց բախտը փորձեն Բրյուսելում, բայց մենք միշտ պատրաստ ենք իսկապես օգնել՝ իրական սահմանազատում սկսելու»,- ասել է ՌԴ դիվանագիտական ​​ծառայության ղեկավարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել