Կանադայի արտգործնախարարը կայցելի Հայաստան. հայտնի է օրակարգը

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հայտարարել է, որ հոկտեմբերի 25-ից 27-ը կլինի Հայաստանում՝ խորացնելու Կանադա-Հայաստան երկկողմ կապերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կանադայի ԱԳՆ-ն:

«Հայաստանը նաև Կանադայի կարևոր գործընկերն է Կովկասյան տարածաշրջանում, և մենք կշարունակենք աշխատել հայաստանցի պաշտոնյաների հետ՝ պաշտպանելու մարդասիրական լիարժեք հասանելիությունը և ապահովելու մարդու իրավունքների հարգումը տարածաշրջանում»,-ասել է Մելանի Ժոլին։

Նշվում է, որ Ժոլին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կքննարկի Կանադայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները։

«Նա պաշտոնապես կբացի Կանադայի նոր դեսպանատունը, որը թույլ կտա ամրապնդել երկկողմ կապերը և մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Նախարարը նաև քննարկելու է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջին ռազմական գործողության հետևանքով տեղահանված հազարավոր քաղաքացիական անձանց հրատապ կարիքները հոգալու ուղիները։

«Մելանի Ժոլին նաև այցելելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին և վերահաստատելու Կանադայի հանձնառությունը՝ պայքարելու ժխտողականության կամ ռևիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ»,- ասված է աղբյուրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել