Միացյալ Նահանգները որոշել է անորոշ ժամանակով փակել իր հյուպատոսությունը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադանա քաղաքում՝ բողոքի ցույցերի ֆոնին, հայտնում է Անկարայում ԱՄՆ դեսպանությունը։
Թուրքիայի մի շարք քաղաքներում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ կապված Գազայի հատվածում տիրող իրավիճակի հետ։ Ադանայում ցուցարարները քարեր ու «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ԱՄՆ հյուպատոսության շենքի վրա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ադանայում է գտնվում նաև Ինջիրլիք ավիաբազայում գտնվող ԱՄՆ զինված ուժերը:
«Ադանայում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կլինի այցելուների համար մինչև հաջորդ ծանուցումը: ԱՄՆ քաղաքացիները կարող են հետաձգել իրենց հանդիպումները և կսպասարկվեն Անկարայում ԱՄՆ դեսպանատանը», – ասվում է հաղորդագրությունում։
«Թուրքիայում ԱՄՆ կառավարության աշխատակիցներին հանձնարարվել է նվազագույնի հասցնել ճանապարհորդությունները»,- նշել են դիվանագետները։
Վաշինգտոնը քաղաքացիներին նախազգուշացրել է Թուրքիայում առաջիկա շաբաթներին սպասվող լայնամասշտաբ բողոքի ցույցերի մասին՝ Իսրայելում և Գազայի հատվածում տիրող իրավիճակի հետ կապված։ Դիվանագիտական առաքելությունը նշել է, որ «ցանկացած ակցիայի ժամանակ, նույնիսկ ի սկզբանե որպես խաղաղ հայտարարված, կարող է տեղի ունենալ բռնություն»։