Բաքուն արձագանքել է Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին

Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Պաշտոնական Բաքվի գնահատմամբ «պաշտոնական Երևանը, շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը և Ադրբեջանին ուղղված մեղադրանքները, վճռական է էլ ավելի խարխլելու խաղաղության համաձայնագրի հեռանկարները»։

«Վիրավորական է նման հայտարարություններ լսել Հայաստանից, որն իրեն ներկայացնում է որպես խաղաղ, ժողովրդավարական երկիր, որը հարգում է միջազգային իրավունքը, բայց չի հրաժարվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր հավակնություններից»,- ասվում է հայտարարության մեջ։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել էր․ «Եվ այսօր ոմանք ձեւ են անում, թե չեն հասկանում, թե ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները: Նման հարցադրումն ինքնին ցինիզմ է, որովհետեւ պատասխանն ավելի քան պարզ է: Ադրբեջանը հստակ եւ աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու իր որոշումը:

2022 թվականի դեկտեմբերից, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման շրջանում Լեռնային Ղարաբաղի հայերը զրկված են եղել գազի, էլեկտրական էներգիայի, վառելիքի, սննդի, մանկական սննդի, դեղորայքի, հիգիենիկ եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների արտաքին մատակարարումներից, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձինք թիրախավորվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

2022 թվականի դեկտեմբերից տասնյակ անգամներ ահազանգել ենք Ադրբեջանի պլանի մասին. Լաչինի միջանցքը փակելուց հետո մարդկանց սովի մատնել, ավելացնել ռազմական, պրոպագանդիստական եւ հոգեբանական ճնշումը, ապա եւ բացել Լաչինի միջանցքը, եւ այդպիսով բոլոր հայերին ստիպել հեռանալ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել