Չնայած այն բանին, որ Իսրայելն իրավունք ունի՝ պաշտպանելու իրեն հարձակումներից, սակայն պաշտպանվելու այդ իրավունքը սահմանափակվում է միջազգային իրավունքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Պեկինում լրագրողների հետ հանդիպմանը։
«Իհարկե, Իսրայելն իրավունք ունի իրեն պաշտպանելու այն հարձակումից, որին ենթարկվել է: Բայց այդ իրավունքը, ինչպես մյուս իրավունքները, ունի սահմաններ։ Եվ այդ սահմանը միջազգային իրավունքն է և միջազգային մարդասիրական իրավունքը», – Բորել խոսքն է ներկայացնում ԵՄ արտաքին կապերի ծառայությունը։
Բորելը շեշտել է, որ Իսրայելի բանակի հրահանգը, որ 24 ժամում 1 միլիոն մարդ տեղափոխվի Գազայի հյուսիսային հատվածից դեպի հարավ, հնարավոր չէր իրագործել՝ հաշվի առնելով նաև այն, որ չկան փոխադրամիջոցներ։
Ինչ վերաբերում է Գազայում ալ-Ահլի հիվանդանոցի ռմբակոծությանը, Բորելը X սոցիալական ցանցում գրել է, որ հարկավոր է հայտնաբերել այդ հանցագործության մեղավորներին և պատասխանատվության ենթարկել նրանց։
Ըստ նախնական տվյալների՝ հիվանդանոցում պայթյունի հետևանքով առնվազն 500 մարդ է զոհվել: Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը և Իսրայելը տեղի ունեցածի համար մեղադրել են մեկը մյուսին։
Նախքան հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունը Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր իսրայելական հարվածներից շուրջ 2800 զոհի և 9700 վիրավորի մասին։ Եվս 1200 մարդ, ըստ գերատեսչության, կարող է մնացած լինել փլվածքների տակ։
Իսրայելը հայտնել է ավելի քան 1400 զոհի մասին․ նրանց մեծ մասը քաղաքացիական անձինք են, որոնք սպանվել են հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։ Գրեթե 200 մարդ գերեվարվել է ՀԱՄԱՍ-ի կողմից։