Իրավիճակը Գազայի հատվածում դուրս է գալիս վերահսկողությունից Եգիպտոսից բժշկական մատակարարումների ուշացման պատճառով։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը։
«Իրավիճակը Գազայում դուրս է գալիս վերահսկողությունից: Ամեն վայրկյան մենք սպասում ենք բժշկական օգնության, մենք կյանքեր ենք կորցնում: Արդեն չորս օր է, ինչ ԱՀԿ-ի մատակարարումները արգելափակված են Գազա-Եգիպտոս սահմանին»,-գրել է Գեբրեյեսուսը Twitter-ի իր էջում:
Նա նաև կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել բռնությունները։
ԱՀԿ-ի ղեկավարը հոկտեմբերի 18-ին հայտնել է, որ կազմակերպության ինքնաթիռը Գազայի հատվածի բնակիչների համար բուժօգնությամբ վայրէջք է կատարել Եգիպտոսի Էլ-Արիշ քաղաքի օդանավակայանում, որը գտնվում է պաղեստինյան անկլավի հետ սահմանի մոտ։
Երկուշաբթի օրը Reuters-ը հաղորդել է, որ Եգիպտոսի իշխանությունները Գազա մարդասիրական մատակարարումների հետաձգումը բացատրել են Իսրայելի իշխանությունների կողմից այս հարցում համագործակցության բացակայությամբ, մասնավորապես Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետի արգելափակմամբ։
Ավելի վաղ Եգիպտոսը դիմել էր միջազգային հանրության ներկայացուցիչներին, որոնք ցանկանում են մարդասիրական օգնություն տրամադրել Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդին՝ այն Եգիպտոսի Էլ-Արիշ միջազգային օդանավակայան հասցնելու խնդրանքով։