Մոսկվան հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթը համարում է բացարձակ սադրիչ, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով իր բարձրաստիճան աղբյուրին․
«Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը մենք համարում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են փորձում Հայաստանը դարձնել «Ուկրաինա №3», եթե Մոլդովան համարենք «Ուկրաինա №2», իսկ Փաշինյանը թռիչքային կերպով գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»,- ասել է Մոսկվայի բարձաստիճան աղբյուրը։
Հիշեցնենք, որ երեկ Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում շարունակել և շարունակում է ստանալ ուժեղ հարվածներ, որոնք գործում են գրեթե ճշգրտորեն կրկնվող սցենարով. արտաքին ագրեսիա, ապա անվտանգության ոլորտում Հայաստանի դաշնակիցների անգործություն, ապա պատերազմական կամ հումանիտար իրավիճակը կամ արտաքին անվտանգային սպառնալիքը Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը տապալելու նպատակով օգտագործելու փորձեր, որն արտահայտվում է հիբրիդային տեխնոլոգիաներով ներքին անկայունություն հրահրելով՝ ուղղորդված արտաքին ուժերի կողմից:
«Նման իրադրություններ 2020 թվականից ի վեր մի քանի անգամ ենք ունեցել, որոնցից խոշորագույնն Ադրբեջանի լայնածավալ հարձակումն էր Հայաստանի վրա՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, որի հետեւանքով Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիա տեղի ունեցավ:
Նմանօրինակ ամենաթարմ և ամենաողբերգական դեպքերը տեղի ունեցան բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանը, ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա քաղաքականության, լայնածավալ հարձակում իրագործեց Լեռնային Ղարաբաղի վրա: Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում»,-նշել է նա:
Փաշինյանը հայտարարել է նաև, որ Հայաստանի անվտանգության համակարգը համարվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և երկկողմ մակարդակում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները Հայաստանին ոչնչով չօգնեցին, մեզ միայնակ թողեցին: