ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովից հետո ասուլիս է տվել՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։ Պուտինը, մասնավորապես, հայտարարել է. «Ինչ վերաբերում է Հայաստանին։ Վարչապետ Փաշինյանը ինձ զանգել է, մենք խոսել ենք իրար հետ, այդ թվում՝ այսօրվա համաժողովի մասին։ Այնտեղ հանգամանքներ կան, որոնք ես հասկանալի եմ համարում։ Չեմ խոսի այդ մասին, ավելի լավ է՝ հարցրեք Հայաստանի վարչապետին։ Դե, որքան հասկանում եմ, Հայաստանը ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում»։
«Մեր խաղաղապահների մանդատը միայն դիտորդական էր՝ ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության։ Հիմա արդեն այդ ծանր դեպքերից և հայ բնակչության ելքից հետո իրավիճակը իհարկե փոխվել է։ Մենք հիմա մեր գործընկերների հետ երկխոսությամբ պետք է որոշենք՝ ինչ և ինչպես ենք անելու։
Պատրաստ ենք աջակցել խաղաղության պայմանագրի կքնմանը։ Մեր գործընկերներին, վարչապետ Փաշինյանին ասել եմ այդ մասին, Ադրբեջանի նախագահն էլ դա գիտի։ Չկան խնդիրներ, որոնք կարող են խանգարել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Կան տեխնիկական բնույթի հարցեր՝ սահմանների զատման և գծման թեմայով, բայց դրանք տեխնիկական հարցեր են․ 100 մետր այս ու այն կողմ, մի կիլոմետր այս ու այն կողմ, արդեն կարևոր չի։
Եթե երկու կողմից բարի կամքի դրսևորում լինի, այդ ամենին կարելի է հասնել և հաջորդիվ քայլերը ձեռնարկել, ինչպես մենք ժամանակին պայմանավորվել էինք առևտրա-տնտեսական կապերի զարգացման և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում»։
Նա հայտարարել է, որ այժմ որևէ խոչընդոտ չկա Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար։
«Ղարաբաղը վերջնականապես Ադրբեջանի մաս դարձավ նախորդ տարի Հայաստանի կողմից ճանաչվելուց հետո։ Նախկինում Բաքուն և Երևանը բազմիցս մոտ են եղել համաձայնության, այդ թվում՝ հանրաքվեի գաղափարին, բայց միշտ խնդիրը եղել է կարգավիճակը: Այժմ որևէ խոչընդոտ չկա Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար»,- հայտարարել է ՌԴ նախագահը։