Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը խաղաղության կոչ է արել՝ դատապարտելով խաղաղ բնակիչների սպանությունը և խնդրելով անհապաղ դադարեցնել ագրեսիան Պաղեստինի ժողովրդի դեմ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում կատարելով պաղեստինյան WAFA լրատվական գործակալությանը:
«Մենք մերժում ենք խաղաղ բնակիչներին սպանելու կամ նրանց բռնության ենթարկելու պրակտիկան երկու կողմից, քանի որ այն հակասում է բարոյականությանը, կրոնին և միջազգային իրավունքին»,- ասել է նա:
Պաղեստինի նախագահը կոչ է արել ազատ արձակել խաղաղ բնակիչներին և պատանդներին:
Մահմուդ Աբասը հոկտեմբերի 12-ին Ամմանում հանդիպել է Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդի հետ: Նրանք քննարկել են Գազայի հատվածում մարդասիրական և բժշկական օգնության, ինչպես նաև ջրի և էլեկտրաէներգիայի անհրաժեշտության հարցեր:
Պաղեստինի նախագահն ասել է, որ պաղեստինցիները դեռ հաստատակամ են ազատության և անկախության իրենց նպատակների հարցում: