Միացյալ Նահանգները թույլ չի տա իրավիճակ, որում երկրորդ կամ երրորդ ճակատ բացվի Իսրայելի դեմ՝ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների հարձակման ներկա իրավիճակում։ Այս մասին Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելում այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրան հարցրել են, թե արդյոք անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը կօգտագործի իր ռազմական պոտենցիալը, եթե լիբանանյան շիական «Հեզբոլլահ» խմբավորումը հարձակվի Իսրայելի վրա հյուսիսից և բացի երկրորդ ճակատը: «Ինչ վերաբերում է երկրորդ ճակատին, ինչպես արդեն ասացի, մենք և Իսրայելը համոզված ենք, որ երկրորդ կամ երրորդ ճակատ չի լինելու: Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ տարածաշրջանի մյուս գործընկերների հետ աշխատելով, որպեսզի դա այդպես լինի»,- պատասխանել է նա։
«Նախագահ Ջո Բայդենը հասկացրել է, որ ոչ ոք՝ պետական կամ ոչ պետական դերակատարները, չպետք է փորձեն օգտվել այս պահից: Եվ նա այդ նախազգուշացումը հաստատել է մեր ամենամեծ ավիափոխադրող հարվածային խմբի՝ «Ջերալդ Ֆորդի» տեղակայմամբ: Վստահ եմ, որ Իսրայելն ունի անհրաժեշտ ամեն ինչ»,- եզրափակել է պետքարտուղարը։