Ադրբեջանը Արդարադատության միջազգային դատարանում հերքել է Արցախում էթնիկ զտումների վերաբերյալ Հայաստանի մեղադրանքները և խոստացել անվտանգ պայմաններ ստեղծել արցախցի հայերի համար, որպեսզի իրենց տներ վերադառնան։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ ելույթ ունենալով Միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի բողոքի քննության ժամանակ։
«Հայաստանը կրկնել է Ադրբեջանին ուղղված իր անհիմն մեղադրանքները «էթնիկ զտումների» և խաղաղ բնակչության դեմ այլ վայրագությունների վերաբերյալ։ Այս մեղադրանքները չեն արտացոլում այն իրականությունը», – ասել է Մամեդովը։
Նրա խոսքով, այս մեղադրանքները չեն արտացոլում նաև ՄԱԿ-ի երկու առաքելությունների արձանագրած դիտարկումները։
«Ադրբեջանը չի ձեռնարկել և չի ձեռնարկի «էթնիկ զտումներ» կամ այլ տեսակի հարձակումներ Ղարաբաղի (օկուպացված Արցախ՝ խմբ․) խաղաղ բնակչության վրա։ Ղարաբաղի (օկուպացված Արցախ՝ խմբ․) հայ բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, և նրանց իրավունքները պաշտպանված են այլ քաղաքացիների հետ հավասար հիմունքներով»,- հավելել է ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը։