Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի Շահումյան գյուղի Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց:
Արարատի մարզպետի աշխատակազմը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է, որ այցի ընթացքում քննարկվել են ֆրանսերենի ուսուցման հետ կապված մի շարք հարցեր:
Նշվում է, որ դպրոցում դեսպանը նաև հանդիպել է Արցախից բռնի տեղահանված և իրենց կրթությունը վերոնշյալ ուսումնական հաստատությունում շարունակող դպրոցականների հետ և զրուցել նրանց հետ:
Ըստ աղբյուրի՝ ներկաները մասնակցել են դպրոցի ֆրանսերենի խմբակի կազմակերպած միջոցառմանը։ Դեսպանը նաև ֆրանսերեն գրքեր և ուսումնաօժանդակ նյութեր է նվիրել դպրոցին՝ ֆրանսերենի ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու համար: