Ալիևն առաջարկել է Վրաստանին որպես միջնորդ ներգրավել Հայաստան-Ադրբեջան «խաղաղության գործընթացում»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եկել է ժամանակը աշխատելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վրա։ Այս մասին նա ասել է Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է ակտիվորեն սկսենք աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վրա։ Հուսով եմ՝ մենք կկարողանանք հասնել դրան, և այս կերպ  կստեղծենք քաղաքական նորմալ իրավիճակ Հարավային Կովկասում, որի դեպքում համագործակցություն կհաստատվի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև»,- ասել է Ալիևը

Ադրբեջանի ղեկավարը չի բացառել Վրաստանում Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման անցկացումը, եթե հայկական կողմը համաձայնի դրան։ «Եթե Հայաստանը համաձայնություն տա, մենք անմիջապես համապատասխան գերատեսչությունների օգնությամբ կսկսենք երկկողմ և եռակողմ հանդիպումներ անցկացնել այստեղ՝ Վրաստանում», – հավելել է նա։

Ալիևը կարծում է, որ Վրաստանը պետք է ներառվի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Իմ պատկերացմամբ՝ պատմական, թե աշխարհագրական տեսանկյունից ճիշտ կլինի Վրաստանին ներգրավել այս հարցում։ Ես շնորհակալ եմ պարոն Ղարիբաշվիլիին՝ այս հարցում մեզ օգնելու պատրաստակամության և որպես միջնորդ հանդես գալու իր  առաջարկի համար»,- ասել է Ալիևը։

Ղարիբաշվիլին, իր հերթին, հույս է հայտնել, որ մոտ ապագայում կստորագրվի Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև ևս մեկ անգամ առաջարկել է Թբիլիսին՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների հարթակ։

Հիշեցնենք, որ Ալիևը Վրաստան է մեկնել աշխատանքային այցով՝ Ղարիբաշվիլիի հրավերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել