ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին, լուրջ մտահոգություններ հայտնելով, կոչ է անում մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունում ապաստան գտած ավելի քան 100,000 Արցախի հայությանը։ Այս մասին հայտարարությունը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։
«Մարդասիրական կարիքները պետք է մնան գլխավոր առաջնահերթություն, և միջազգային հանրությունը պետք է շարունակի ակտիվորեն ցուցաբերել պատասխանատվություն և աջակցել Հայաստանին։
ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին ի գիտություն է ընդունել հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Ստեփանակերտ և կարծում է, որ միջազգային հանրության շարունակական ներգրավվածությունը կնպաստի տեղում իրավիճակի կայունացմանը։
Տեղում միջազգային ներգրավվածության վերաբերյալ քննարկումները պետք է շարունակվեն, քանի որ անկախ միջազգային դիտորդական առաքելությունը վստահություն կտա նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ:
ԵԱՀԿ-ի գործող նախագահ Օսմանին նշում է՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետոթւյուն՝ խմբ․) հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը ԵԱՀԿ շրջանակներում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների համաձայն հենց այս երկրի պատասխանատվությունն է: Վեճերի կարգավորման համար դիվանագիտական բանակցությունների փոխարեն ուժի կիրառումը միշտ անընդունելի է և խոչընդոտում է արժանապատիվ և համապարփակ խաղաղության հասնելու հեռանկարներին:
Գործող նախագահ Օսմանին աջակցում է երկրների միջև խաղաղության պայմանագրին ուղղված քաղաքական գործընթացների շարունակմանը։
ԵԱՀԿ-ն և նրա համապատասխան կառույցները, իրենց մանդատի շրջանակներում, պատրաստ են իրենց ներդրումն ունենալ այս գործընթացում՝ տարածաշրջանում արդար, երկարատև, արժանապատիվ և խաղաղության հասնելու` կազմակերպության արժեքներին և պարտավորություններին համապատասխան»,- ասված է հաղորդագրությունում։