Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովը Գրանադայում անցել է առանց տեսանելի արդյունքների՝ չնայած չնայած մեծ ակնկալիքներին։ Այս մասին ասվում է Politico թերթի վերլուծականում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Գագաթնաժողովը, որին մասնակցում էին մոտ 50 եվրոպացի առաջնորդներ, տասնյակ օգնականներ և լրագրողներ, ձախողվեց, երբ հանդիպման ընթացքում չստացվեց զգալի առաջընթաց գրանցել Եվրոպայի «դարպասների մոտ» հակամարտությունների կամ տարածաշրջանային այլ խնդիրների լուծման գործում»,- գրում է Politico-ն։
Ինչպես նշվում է, կազմակերպիչները ստիպված են եղել չեղարկել հանդիպմանը հաջորդող նախատեսված ասուլիսը։ Գրեթե 700 լրագրողներ ապարդյուն հավաքվել էին Գրանադայում՝ սպասելով ընթացիկ խնդիրների լուծման վերաբերյալ համաձայնություններին, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետոթւյուն՝ խմբ․) հումանիտար ճգնաժամը, Բալկաններում տարաձայնությունները և եվրոպական անվտանգության համակարգի թերությունները։
Այդ հարցերում առաջընթաց չհաջողվեց գրանցել հանդիպմանը «առանցքային խաղացողների բացակայության» պատճառով՝ մասնավորապես Ադրբեջանի, գրում է Politico-ն։
Կազմակերպիչները, գրում է թերթը, հստակ չեն նշել, թե ինչու է չեղարկվել ասուլիսը։ Եվրոպացի դիվանագետներից մեկը, որի անունը չի նշվում, հայտնել է, որ մամուլի համար հայտարարություններ անելու կարիք չկար, քանի որ գագաթնաժողովում «բեկումնային որոշումներ» չեն եղել։
«Սա մինի ՄԱԿ է, սա շուկա է, որտեղ առաջնորդները կարող են սակարկել»,- նշել է զրուցակիցը։