Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորապես մտահոգված է Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության և կալանավորման փաստով։ Այս մասին ինստիտուտը հայտարարություն է տարածել X սոցցանցի միկրոբլոգում։
«Վարդանյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի բացահայտ ջատագովը, հատկապես ատելի է Ադրբեջանի համար։ Նրա կալանավորումը խոշտանգումների և արտադատական մահապատժի կամ ցուցադրական դատավարության շատ բարձր ռիսկ է պարունակում: Նա, Արցախի կառավարության և ինքնապաշտպանության բանակի այլ ներկա և նախկին անդամները որակվել են որպես «անջատողականներ» և «ահաբեկիչներ»՝ որակումներ, որ պետություններն օգտագործում են ապօրինի կալանավորումն ու սպանությունն արդարացնելու համար։
Վարդանյանի կյանքի և անվտանգության համար մտահոգությունը հատկապես հիմնավորված է այն վերաբերմունքով, որին արժանացել են հայ ռազմագերիները ադրբեջանական գերության մեջ 2020 թվականից ի վեր: Նրանք խոշտանգումների են ենթարկվել, նվաստացվել, սպանվել, անհետացել և ենթարկվել ցուցադրական դատավարությունների: Սա լավ փաստագրված է:
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, ինչպես նաև աշխարհի բոլոր առաջնորդները պետք է պահանջեն Վարդանյանի անվտանգ տեղափոխումն Ադրբեջանից և պետք է ապահովեն, որ Արցախի կառավարության մյուս անդամներին, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակի անդամներին նույնպես թույլ տան հեռանալ։ Մենք հիշեցնում ենք աշխարհին, որ էլիտաների կալանավորումը, սպանությունը և անհետացումը ցեղասպանության սովորական ակտ է»,- ասված է հայտարարությունում։