Բրյուսելում կայացել է Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումը․ հայտնի են մանրամասները

Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի Կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական խորհրդականները, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Ինչպես տեղեկանում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի քարտուղարի հրապարակած հաղորդագրությունից,    Միշելը միացել է մասնակիցներին կարծիքների փոխանակման համար:

«ԵՄ-ն մասնակիցներին հրավիրել է մտքեր փոխանակելու տեղում առկա իրավիճակի և տեղի բնակչության անհետաձգելի կարիքների բավարարմանն ուղղված տարբեր ջանքերի շուրջ։

Եվրամիությունը ուշադիր հետևում է այս բոլոր զարգացումներին և ներգրավված է եղել ամենաբարձր մակարդակով՝ օգնելու մեղմացնել ռազմական գործողությունների ազդեցությունը խաղաղ բնակչության վրա: ԵՄ-ն այս համատեքստում կրկնել է իր դիրքորոշումն անցյալ շաբաթ Ադրբեջանի ռազմական գործողության վերաբերյալ։

Հիքմեթ Հաջիևը ներկայացրել է տեղի բնակչությանը մարդասիրական օգնություն և անվտանգություն ապահովելու Ադրբեջանի ծրագրերը։ ԵՄ-ն ընդգծել է թափանցիկության և հասանելիության անհրաժեշտությունը միջազգային հումանիտար և մարդու իրավունքների դերակատարների համար, ինչպես նաև ավելի մանրամասն Բաքվի տեսլականը Ադրբեջանում արցախցի  հայերի ապագայի վերաբերյալ: ԵՄ-ն օգնություն է ցուցաբերում Արցախի հայերին։

Հանդիպումը նաև հնարավորություն է տվել մասնակիցների միջև կարծիքների ինտենսիվ փոխանակում իրականացնել երրորդ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների հնարավոր հանդիպման արդիականության վերաբերյալ, որը նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում:

Մասնակիցներն ի գիտություն են ընդունել Հայաստանի և Ադրբեջանի համատեղ շահագրգռվածությունը՝ օգտվելու Գրանադայում հնարավոր հանդիպումից՝ շարունակելու կարգավորման իրենց ջանքերը։

Այս առումով Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը բանակցություններ են վարել առաջիկա հնարավոր հանդիպմանը Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացն առաջ մղելու հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ, ինչպիսիք են սահմանների սահմանազատման, անվտանգության, կապի, հումանիտար հարցերի  և խաղաղության ավելի լայն պայմանագիրը:

Կոնկրետ գործողություններ և վճռական փոխզիջումային լուծումներ են անհրաժեշտ նորմալացման գործընթացի բոլոր ուղիներում:

ԵՄ-ն կարծում է, որ Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի և՛ Երևանի, և՛ Բաքվի կողմից՝ հրապարակայնորեն կրկնելու իրենց հավատարմությունը միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը` համաձայն Պրահայում և Բրյուսելում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ասված է հաղորդագրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել