Ուզում եմ ասել, թե ինչ է ինձ համար նշանակում Երևանը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի դիմաց անցկացվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինձ համար Երևանն անձնապես շատ բան է նշանակում։ Ես 16 տարեկանում, սոցիալական միջին հայաստանյան մի ընտանիքից եկել եմ Երևան։ Եվ կարող եմ մի բան ասել՝ ես ինչու՞ եմ այսքան սիրում Երևանը, որովհետև համարում եմ, որ Երևանը որդեգրել է ինձ, որդեգրել է ինձ հարազատի նման։ Խաչմերուկի փողոցի լուսացույցը տեսնու՞մ եք, ես երբ կինոհայրենիքի մեր տնից գալիս էի և այս լուսացույցի մոտ երբ կարմիր էր լինում, ես այդ լուսացույցի տակ կանգնում էի, նայում էի Երևանի քաղաքապետարանին ու մտքումս ասում էի՝ շնորհակալություն քեզ, Երևան, երախտապարտ եմ քեզ, Երևան, ես պարտք ունեմ քո առաջ։ Այսօր ուզում եմ ասել, որ ինձ մեղավոր եմ զգում Երևանի առաջ, որովհետև ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանում տագնապ կա և այդ տագնապի համար ես ինձ մեղավոր եմ զգում, բայց նաև ուզում եմ, որ մենք հասկանանք այդ տագնապի խորքը։ Ես սրա մասին առաջին անգամ եմ խոսելու։ Մի բան եմ ուզում ասել մեզ հետ տեղի ունեցածի մասին։ Շատերը կամ քչերը՝ օգտվելով մեր կենտրոնացվածությունից Լեռնային Ղարաբաղի հարցի և կարգավիճակի նկատմամբ, դա օգտագործել են, որպես շեղող մանյովր՝ Հայաստանի կարգավիճակը կասկածի տակ դնելու համար, սա է ամբողջ պատմությունը։
Ինչու՞ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իրադրությունը չի կայունանում, որովհետև ոմանք չեն հասել իրենց նպատակին ծնկի բերել Հայաստանի Հանրապետությունը, կասկածի տակ դնել անկախությունը, ինքնիշխանությունը և պետականությունը, բայց նաև այսօր այդ օրն է և էլի եմ ասում, հիմա ո՛չ 1999 թիվն է, ո՛չ հոկտեմբերն է, ո՛չ 27-ն է, ո՛չ էլ 2020 թիվն է։ 2023 թվականն է և ՀՀ-ն ինքնիշխան, հպարտ, հաստատակամ, միասնական ընդգծում է իր մայրաքաղաքը, որպես պետականության ամենամեծ սիմվոլ»,-ասաց նա։