Մշակութային կյանքը եռում է Երևանում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի դիմաց անցկացվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք առաջիկայում Երևանի և Հայաստանի երիտասարդությանը մի հատ շատ մեծ նվեր ենք պատրաստել, այս թեմայի մասին հատուկ ուզում եմ խոսել։
Երևանում սեպտեմբերի 23-ին տեղի է ունենալու համաշխարհային աստղ Սնուփ Դոգի համերգը, բայց ես այս թեմային հետևյալի համար եմ ուզում անդրադառնալ, մարդիկ ասում են՝ ինչու՞ է կառավարությունը էդքան փող ծախսել, որ էդ աստղին բերի Հայաստան։ Ժողովու՛րդ, ես ձեզ մի բան ասեմ՝ մենք հաճախ դառը խոստովանություն չենք անում իրար, մենք ասում ենք՝ մենք 3000 տարվա ժողովուրդ ենք, 3000 տարվա պետություն ենք, իսկ երբևէ մեկը վիճակագրություն արե՞լ է, «Հայաստան» բառը աշխարհի բնակչության քանի՞ տոկոսը գիտի և այո, այդ թվում դրա համար, որ երբ նման մասշտաբի համերգ է տեղի ունենում, «Հայաստան» անունը շրջանառվում է, մենք դա անում ենք Հայաստան» անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը ծնկի է եկել։ Հայաստանը ապրում է, Հայաստանը զարգանում է, Հայաստանը կա և լինելու է»,-ասաց նա։